Փաշինյան․ Կարող է 3–րդ նախաձեռնություն լինել, որը ոչ ԵԱՏՄ–ի, ոչ ԵՄ–ի հետ կապ չունի

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհրաժեշտ են այնքան ժամանակ, մինչև ձևավորվեն այլընտրանքներ, որոնց միջև ժողովուրդը կկարողանա ընտրություն կատարել։

Ըստ նրա՝ կարող է 3–րդ նախաձեռնությունը լինել, որը ո՛չ ԵԱՏՄ–ի, ո՛չ ԵՄ–ի հետ կապ չունի, հայտնում է Panorama.am-ը:

«Մեզ ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն հավասարապես պետք են այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանություններն այլընտրանքների ձևակերպման հետ կապված իրենց հանձնառությունը կատարած չեն լինի, և մեր ժողովուրդը չի կարողանա ընտրություն կատարել։ Կարող է 3-րդ նախաձեռնություն էլ լինել՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ: Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղ գնում են: Կարող է երրորդ տարբերակ էլ լինել»,-ասել է նա:

Հիշեցնելով Բելառուսի նախագահի հայտնի հայտարարությունը (ո՞ւմ են պետք հայերը)՝ Փաշինյանը հավաստիացրել է, որ խնդիրը միայն որևէ քաղաքական գործչի հայտարարությունն ու դրան Հայաստանի արձագանքը չէ։

«Խնդիրն այդ երևույթը չէ: Խնդիրն այդ երևույթի տակ ընկած ընկալումն է, որ ի վերջո մենք, հարգելի՛ գործըներներ, պե՞տք է իրար աչքերի մեջ նայենք և ասենք այն, որ ինչ Բելառուսի նախագահն ասել է, ԵԱՏՄ անդամ մի շարք երկրների ընկալումն է ՀՀ-ի մասին, խոր ինստիտուցիոնալ ընկալումը, և դա անհարգալից ընկալում է: Այդ ընկալումն ինչի՞ վրա է հիմնված եղել. այդ ընկալումը հիմնված է եղել այն բանի վրա, որ, դե, Ղարաբաղի կոնֆլիկտը կա, Ադրբեջանի հետ կոնֆլիկտը կա, Թուրքիայի հետ կոնֆլիկտը կա, այդ թշնամություններն անհաղթահարելի են, ուրեմն իրենք փախչելու տեղ չունեն: Իրենց ոնց ուզենք, այնպես կարող ենք վերաբերվել:

Բա որ ասում էի՝ Ղարաբաղի հարցը լծակ էր, պարան էր, թոկ էր կամ թակարդ էր, բա ի՞նչ նկատի ունեի. հենց սա նկատի ունեի»,-ասել է նա:

Փաշինյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդն իրական ընտրության հնարավորություն չի ունեցել, քանի որ Հայաստանի ժողովրդին շարունակաբար առաջնորդել են դեպի թակարդներ։

«Հիմա մենք ուզում ենք Հայաստանի ժողովրդի համար ստեղծել այլընտրանքներ, որպեսզի ժողովուրդն ինքն ընտրի: Կընտրի՞ ԵԱՏՄ-ն, ուրեմն կլինենք ԵԱՏՄ, կընտրի՞ ԵՄ-ն՝ կլինենք ԵՄ, բայց այդ ընտրությունը պետք է հասունացած լինի»,-հայտարարել է Փաշինյանը։

Նա նաև հայտնել է, որ հանրաքվե կանցկացվի այն ժամանակ, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի ԵՄ-ին։

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը մինչև այս տարվա դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու մասով:

«Ակնհայտ է, որ եթե մինչև այդ պահը հանրաքվե անցկացնելու կոչը չլսվի, առաջնորդներն այդ փաստը հաշվի կառնեն համապատասխան հետագա համատեղ քայլերը որոշելիս»,- նշել է նա։

Leave a comment