Խանդանյան․ Այլևս առաջնահերթություն չենք համարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանություններն այլևս առաջնային չեն համարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։

Նա հերքել է տեղեկությունները, թե Թուրքիան պահանջներ է ներկայացրել Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու կամ Արարատ լեռը պետական խորհրդանիշներից հեռացնելու վերաբերյալ։ Խանդանյանը պարզաբանել է, որ գործընթացն իրականացվել է առանց նախապայմանների, հայտնում է Factor.am-ը:

«Բանակցությունների որևէ փուլում նման պահանջ, նման նույնիսկ ակնարկ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից երբևէ չի եղել»,- շեշտել է նա:

Խանդանյանի գնահատմամբ՝ Ցեղասպանության հարցն արտաքին քաղաքական օրակարգ ներառելը նախկին իշխանությունների սխալ քայլն է եղել։ Նրա խոսքով՝ այդ հարցն ապագայում ևս չպետք է առաջնահերթություն դառնա։

«Հայաստանի կառավարությունը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի տարիներին, երբ որ այդ հարցը բերել է և դարձրել ազգային արտաքին քաղաքական առաջնահերթություն, մեծագույն սխալ է գործել»,- հայտարարել է պատգամավորը:

Իր դիրքորոշումը հիմնավորելիս Խանդանյանը նշել է, որ տարբեր երկրներ Ցեղասպանության ճանաչման հարցն օգտագործել են որպես քաղաքական գործիք։ Նա օրինակ է բերել այն պետություններին, որոնք Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունելու հետ մեկտեղ Ադրբեջանի հետ ռազմական խոշոր պայմանագրեր են կնքել։

«Հայոց ցեղասպանությունը չպետք է դարձնել որևէ տեսակի բանակցության առարկա»,- եզրափակել է նա:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և մինչ օրս չի ավարտվել, և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Leave a comment