ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է արվեստի բնագավառում 2027 թվականին իրականացվելիք դրամաշնորհային ծրագրերի մրցույթների մասին։
Դրամաշնորհային մրցույթները կիրականացվեն 4 անվանակարգում։
«Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր»
Դրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցել ժամանակակից արվեստի նորարարական և ինքնատիպ գաղափարների զարգացմանն ու իրականացմանը, խթանել ստեղծագործական նոր ձևաչափերի և համագործակցային նախագծերի առաջխաղացումը, ինչպես նաև ընդլայնել ժամանակակից արվեստի ներկայությունն ու հասանելիությունը Հայաստանի տարբեր համայնքներում։ Առանցքային են նաև հայկական ժամանակակից արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացումն ու միջմշակութային համագործակցությունների ընդլայնումը։
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը՝ ժամը 11:00-ն։
Մրցույթի պայմաններին և դիմելու կարգին հնարավոր է ծանոթանալ կայքում։
«Ստեղծագործական մանկապատանեկան կրթամշակութային նախագծեր»
Այս մրցույթի հիմնական նպատակը դարձել է երեխաների և պատանիների ստեղծագործական ու գեղագիտական դաստիարակության խթանումը՝ կրթամշակութային միջավայրի զարգացման, ինչպես նաև գեղարվեստական կրթության որակի և հասանելիության ապահովման միջոցով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի սեպտեմբերի 17-ը՝ ժամը 11:00-ն։
«Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում»
Մրցույթը միտված է մշակութային կյանքի ապակենտրոնացմանը, մարզերում մշակութային գործունեության խթանմանն ու կարողությունների զարգացմանը։ Նպատակների թվում են նաև համայնքներում մշակույթի և ժամանցի կազմակերպումը, միջհամայնքային ու միջմարզային համագործակցության ամրապնդումը և մշակութային ծառայությունների որակի բարելավումը։
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 22-ը՝ ժամը 11:00-ն։
«Արվեստի ոլորտում տնտեսականացման նախագծեր»
Մրցույթը նպատակ ունի խթանել արվեստի բնագավառում տնտեսականացման գործընթացները՝ բացահայտելով ու զարգացնելով ստեղծագործական գաղափարների կիրառական, շուկայական և տնտեսական ներուժը։ Դրամաշնորհով նախատեսվում է օժանդակել նորարարական, կայուն, կենսունակ և երկարաժամկետ ազդեցություն ապահովող նախագծերի մշակմանն ու իրականացմանը։ Դրանք պետք է նպաստեն մշակութային արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արվեստագետների ու մշակութային կազմակերպությունների տնտեսական ինքնաբավության ամրապնդմանը, նոր շուկաների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև արվեստի հասանելիության ընդլայնմանը։
Այս մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 24-ը՝ ժամը 11:00-ն։
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն»
Այս անվանակարգով անցկացվող մրցույթը նպատակաուղղված է Հայաստանի սահմաններից դուրս հայկական մշակույթի տարածմանն ու հանրահռչակմանը, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացմանը, ինչպես նաև արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակություններով համալրելուն։
Հաղթող մասնակիցը կամ մասնակիցները պետք է հրատարակեն անվանակարգի տողին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 500 կամ 1000 օրինակ տպաքանակով՝ ըստ նշանակության։ Դրանցից 100 օրինակը կատարողը տնօրինելու է ինքնուրույն, իսկ մնացած օրինակները հանձնվելու են պատվիրատուին։ Նախընտրելի լեզուներ են սահմանվել անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, ռուսերենն ու արաբերենը։
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 15:00-ն։
Հայտ ներկայացնելու հնարավորություն ունեն էլեկտրոնային համակարգում գրանցված և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները։