Քաղաքականություն
13.08.2026 | 11:23
Օգոստոսի լույս 13-ի գիշերը ռուսական զորքերն Ուկրաինայի վրա արձակել են 133 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 111-ը, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։
Օդեսայի մարզում 18-ամյա աղջիկ է վիրավորվել ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Ուկրզալիզնիցան (Ուկրաինական երկաթուղիներ) հայտնել է Օդեսայի մարզում ուղևորատար գնացքի վրա հարձակման մասին։ Մեքենավարը և նրա օգնականը զոհվել են։
Ըստ աղյուրի՝ հարձակման պահին գնացքը մտնում էր կայարան՝ օդային հարձակման տագնապի ժամանակ ուղևորներին իջնելու հնարավորություն տալու համար։
Իզմայիլի քաղաքապետ Անդրեյ Աբրամչենկոն հայտնել է քաղաքի վրա զանգվածային հարձակման մասին: Հարվածներից հետո քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, իսկ ջրամատակարարման և կոյուղու ծառայություններն աշխատում են պահեստային էլեկտրաէներգիայի աղբյուրներով:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օդեսայի մարզի Ռենի նավահանգստում հարված է հասցվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարական կետին, իսկ Իզմայիլի նավահանգստում՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանման ժամանակավոր տեղակայման վայրին և նավահանգստային ենթակառուցվածքային կառույցներին:
Չեռնիգովի մարզում ռուսական հարձակման հետևանքով 10-ամյա երեխա է վիրավորվել: Չեռնիգովում ոչնչացվել են ավտոկոոպերատիվի տարածքում գտնվող երկու ավտոտնակ և մեկ մեքենա, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Խարկովի մարզի Վերբովկա գյուղում էլ ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Բալակլիա քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կարաբանովի խոսքով՝ ամբողջությամբ ոչնչացվել են մեկ մասնավոր տուն և մեկ ոչ բնակելի շենք: Վնասվել է նաև երեք մեքենա: