Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է օգոստոսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները։
Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից բարձր է եղել Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ամբողջ շաբաթվա ընթացքում։ Շենգավիթում գերազանցում է գրանցվել օգոստոսի 5-6-ը և 9-ին, իսկ Նոր Նորքում՝ օգոստոսի 5-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը ևս որոշ վարչական շրջաններում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Կենտրոնում նման ցուցանիշ է արձանագրվել օգոստոսի 5-6-ը և 8-9-ը, իսկ Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։ Արաբկիրում և Շենգավիթում ազոտի երկօքսիդի պարունակության թույլատրելի շեմի գերազանցում չի գրանցվել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը դիտարկված ժամանակահատվածում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցել։