ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները մեկ ամսվա ընթացքում չեղարկել են ավելի քան 600 օտարերկրացիների վիզա՝ այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարի շրջանակում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները մեկ ամսվա ընթացքում չեղարկել են ավելի քան 600 օտարերկրացիների վիզա՝ այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարի շրջանակում։
X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ Ռուբիոն նման սխեմաների կազմակերպիչներին մեղադրել է ամերիկյան միգրացիոն օրենսդրությունը չարաշահելու մեջ և հայտարարել, որ իշխանությունները մտադիր են ամբողջությամբ կասեցնել նման գործելակերպը։
«Ամերիկյան քաղաքացիությունը չի վաճառվում։ Սակայն ծննդաբերական տուրիզմի ճյուղավորված ցանցերը շահույթ են ստանում ամերիկյան օրենքների շահագործումից՝ օտարերկրացիներին սովորեցնելով խաբել ԱՄՆ վիզային համակարգը, կազմակերպելով ուղևորություններն ու կացարանը և նույնիսկ կեղծելով փաստաթղթեր, և այդ ամենը միայն նրա համար, որպեսզի նրանց երեխաները կարողանան քաղաքացիություն ստանալ»,- գրել է Ռուբիոն։
Ըստ նրա՝ Պետքարտուղարությունը ստեղծել է ծննդաբերական տուրիզմի կանխարգելման հատուկ աշխատանքային խումբ, որը ստուգում է վիզա ունեցողների գործունեությունը, զբաղվում է անօրինական ցանցերի վերացմամբ և պետք է վերջ դնի ամերիկյան օրենսդրության չարաշահումներին։
«Ընդամենը մեկ ամսվա ընթացքում ծննդաբերական տուրիզմի կանխարգելման աշխատանքային խումբը միջոցներ է ձեռնարկել աշխարհով մեկ օտարերկրացիների ավելի քան 600 վիզա հետ կանչելու ուղղությամբ»,- հայտարարել է պետքարտուղարը։
Ռուբիոն ընդգծել է, որ Պետքարտուղարությունը մտադիր է օգտագործել «բոլոր հասանելի գործիքները»՝ ծննդաբերական տուրիզմի ցանցերը վերացնելու և ամերիկյան քաղաքացիության տրամադրման սկզբունքները պաշտպանելու համար։