ՏԿԵ նախարարը ՀՀ–ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է հունիսից մեկնարկող Երևան–Լոնդոն ուղիղ չվերթերի հարցը

Երևան–Լոնդոն ուղիղ չվերթեր կգործարկվեն


ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ–ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ քննարկել է հունիսից մեկնարկող Երևան–Լոնդոն ուղիղ չվերթերի հարցը։


«Երկուստեք կարևորել ենք հունիս ամսից Երևան – Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը, որը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկու երկրների հարաբերություններն ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության ուղղությամբ», – գրել է Խուդաթյանը Facebook–յան իր էջում։ 


Նախարարը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը։ 


Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստան – Միացյալ Թագավորություն հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության մակարդակում։ 


Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ ՏԿԵ նախարարությունը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացնում և շատ ցանկալի կլինի այդ ծրագրերում և միջազգային մրցույթներում տեսնել ՄԹ ընկերությունների։

Leave a comment