ԱՄՆ-ն պայքարում է «ծննդաբերական տուրիզմի» դեմ․ Պետդեպարտամենտում հատուկ բաժին է ստեղծվել

Բաժանորդագրվել

Միայն մեկ ամսվա ընթացքում հատուկ բաժինն ավելի քան 600 վիզա է չեղարկել։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտում ստեղծվել է, այսպես կոչված, ծննդաբերական զբոսաշրջության դեմ պայքարի հատուկ բաժին։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ մարդիկ ԱՄՆ-ն են հասնում՝ այնտեղ ծննդաբերելու և երեխայի՝ ամերիկյան քաղաքացիություն ստանալու համար։

Ինչպես X -ում հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մարկո Ռուբիոն, գերատեսչությունն արդեն ավելի քան 600 վիզա է չեղարկել:

«Պետք է վերջ դնել մեր երկրի օրենքների այս սարսափելի չարաշահմանը»,- գրել է Ռուբիոն։

Վարչությունը զբաղվում է վիզաներ ստացած անձանց տվյալների ստուգմամբ՝ բացահայտելու այն անօրինական սխեմաները, որոնք կապված են երեխաների ծննդյան և քաղաքացիություն ստանալու համար ԱՄՆ մեկնելու հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել՝ արգելելու տուրիզմի այն ձևը, որի նպատակն է զուտ ծննդաբերել ԱՄՆ-ում՝ քաղաքացիություն ստանալու համար: Որպես հրամանագրի կատարման գործիքներ նշվում են մուտքի թույլտվության մերժումը, վիզաների չեղարկումը, արտաքսումը և ԱՄՆ այցելության անժամկետ արգելքն այն օտարերկրացիների համար, ովքեր ներգրավված են «ծննդաբերական զբոսաշրջության» մեջ:

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին նաև հայտնել էր, որ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ տարածքից կարող են արտաքսել օտարերկրացի հղի կանանց։

Leave a comment