ՌԴ ԱԳՆ․ 103-ամյա վետերանին հարցաքննելու ՀՀ մտադրությունը Կիևի հետ «եղբայրանալու» արդյունք է

Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու մտադրությունը վկայում է Եվրոպայի հետ մերձեցման և Կիևի հետ «եղբայրանալու» հետևանքով բարոյական անկման մասին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայրենական մեծ պատերազմի հայ վետերան, 103-ամյա Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու են «Ուժեղ Հայաստանի» կողմնակցի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում, որը վերաբերում է նախընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտմանը։

«Դժվար է գտնել ավելի ակնառու վկայություն այն մասին, թե բարոյական և հոգևոր ինչպիսի անկման է հանգեցնում ժամանակակից անդեմ, բարոյապես աղքատ Եվրոպայի հետ մերձեցումն ու նեոնացիստական կիևյան ռեժիմի հետ եղբայրացումը»,- ասվել է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված Զախարովայի մեկնաբանության մեջ, հայտնում է Sputnik Արմենիան:

Դիվանագետն ընդգծել է, որ Ռոզալիա Աբգարյանի նման վաստակաշատ մարդիկ հպարտություն են բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են «շագանակագույն ժանտախտի» դեմ հաղթանակի իրական նշանակությունը, քանի որ նրանք պատմական հիշողության, համամարդկային արժեքների և բարոյական ուղենիշների պահապաններն են։

«Նրանց խիզախության և անձնազոհության շնորհիվ է այսօրվա Հայաստանն ապրում և կարող է ապագայի ծրագրեր կազմել։ Ըստ երևույթին, Երևանի բարձր կաբինետներում մոռացել են այդ մասին։ Ինչպես մոռացել են նաև, որ հանրապետության բարձրագույն ղեկավարությունը մի քանի անգամ «տեսախցիկների առջև» հանդիպել է Ռոզալիա Աբգարյանի և Հայրենական մեծ պատերազմի մյուս վետերանների հետ, այդ թվում՝ Մոսկվայում՝ Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակում։ Իմանալով Ռոզալիա Սերգեևնայի պողպատյա կոփվածքը՝ չենք կասկածում, որ նա կհաղթահարի ցանկացած հարցաքննություն։ Բայց մեկ այլ բան ևս պարզ է՝ նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի և եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չի մնացել»,- նշել է նա։

Զախարովան նաև ընդգծել է, որ Մոսկվան չի մոռացել, որ հայ «ինքնիշխան քաղաքական գործիչները համարձակություն չեն ունեցել սաստելու Վլադիմիր Զելենսկուն», երբ վերջինս Երևանում սպառնացել է հարվածներ հասցնել Կարմիր հրապարակում մայիսի 9-ի շքերթին։

Մայիսի սկզբին Հայաստանի մայրաքաղաքում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին եվրոպացի առաջնորդների հետ մասնակցել է նաև Զելենսկին։ Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով Զելենսկու ելույթին Երևանի կողմից պաշտոնական բացասական արձագանքի բացակայությունը չի համապատասխանում ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային ոգուն։

Leave a comment