Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ

Օգոստոսի 7-ի գիշերը ոստիկանություն բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Եղեգնաձորի բնակչուհին հայտնել է, որ նախորդ օրը իրենց տան դուռն ու պատուհանը փակ լինելու պայմաններում տուն են մտել և գողացել 35 հազար դրամ։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի օպերատիվ խումբը պարզել է, որ տուն մուտք գործելու համար օգտագործվել է հենց դռան կողպեքի բանալին։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է տանտիրուհու դստեր ընկերուհին, որը նախորդ ամսվա վերջին գտել էր տան կորցրած բանալին։

Ըստ ոստիկանության՝ աղջիկը երկու անգամ բանալիով բացել է տան դուռը և գողացել 5-հազարական դրամ։ Օգոստոսի 6-ին նա կրկին մտել է տուն և վերցրել 25 հազար դրամ, ինչից հետո տանտիրուհին նկատել է գումարի կորուստն ու դիմել ոստիկանություն։

Օգոստոսի 8-ին աղջիկը հրավիրվել է ոստիկանություն և ընդունել արարքը։ Հանգամանքները պարզվում են։

Leave a comment