Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 32 երիտասարդների։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց հայրենիք ժամանած հայորդիների՝ Սուրբ Էջմիածնում համախմբման և կրթական ծրագրերում ներգրավման առիթով, որով մեծապես նպաստ է բերվում սփյուռքահայ երիտասարդների ազգային ու հոգևոր ինքնության զորացմանը, ինչպես նաև Եկեղեցու և հայրենիքի հետ կապի առավել ամրապնդմանը։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրի կազմակերպիչ հանձնախմբի անդամներին և Թեմակալ առաջնորդներին՝ հայագիտական սույն ծրագրի իրագործման համար։
Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ազգային-հոգևոր կյանքի խնդիրներին և Հայոց Եկեղեցու գործունեությանը։