Քաղաքականություն
12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը լիարժեք կվերաբացվի միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգներն ընդունի Իրանի պայմանները։ Իրանական Mehr-ի փոխանցմամբ՝ Թեհրանում Չինաստանի դեսպան Զոնգ Պիյուի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նորանշանակ ղեկավար Մոհսեն Ռեզային։
Նա հավելել է՝ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի պատերազմը Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների դեմ ու ապասառեցնի արգելափակված միջոցները, ինչն Իրանի պայմանն է Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացման համար։
«Քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխում իր վարքագիծը և չի ընդունում Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի»,- ասել է Ռեզային։
Նա նշել է, որ Իրանն ԱՄՆ-ին նաև այլ պայմաններ է փոխանցել միջնորդների միջոցով, որոնք վերջին շաբաթներին ներգրավված են եղել երկու կողմերի միջև անուղղակի բանակցություններում։
Ռեզային կրկին նշել է՝ եթե Իրանը և Օմանը, որը Հորմուզի նեղուցի մյուս ափամերձ պետությունն է, համաձայնության գան ջրային այս ուղիով տարանցիկ երթուղիների վերաբերյալ, դա որևէ ազդեցություն չի ունենա Իրանի՝ նեղուցը փակելու կամ վերաբացելու որոշման վրա։
Հունիսին Իրանը և ԱՄՆ-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը թույլ տվեց աստիճանաբար վերականգնել տարանցումը Հորմուզի նեղուցով՝ ԱՄՆ-ի կողմից երկրի նկատմամբ պատժամիջոցների և շրջափակման վերացման դիմաց։
Այնուամենայնիվ, Իրանը վերականգնել է սահմանափակումները Հորմուզում, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը փորձել է խաթարել Իրանի կողմից նեղուցի կառավարումը։