Սիրիայի դատարանը հեռակա կարգով դատապարտել է Ասադին մահապատժի (PAN.am)

Սիրիայի դատարանը օգոստոսի 11-ին երկրի նախկին նախագահ Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Այս մասին հայտնել է սիրիական պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Բաշար Ասադը մեղավոր է ճանաչվել Սիրիայում 14 տարի շարունակված քաղաքացիական պատերազմի ընթացքում կատարված պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար, հայտնում է Deutsche Welle-ն:

Դամասկոսի քրեական դատարանի կայացրած դատավճիռը հրապարակվել է սիրիական պետական հեռուստատեսության ուղիղ եթերում։ Սա Ասադի նկատմամբ կայացված առաջին մեղադրական դատավճիռն է։ Նա իշխանությունից հեռացվել է 2024 թվականի դեկտեմբերին՝ ապստամբների կողմից երկրում իշխանությունը գրավելու հետևանքով, որից հետո մեկնել է Մոսկվա։

Դատարանը Սիրիայի նախկին նախագահին մեղավոր է ճանաչել «մեկից ավելի անձանց, այդ թվում՝ երեխաների դիտավորյալ սպանության, խոշտանգումների, ապօրինի ձերբակալությունների և մարդկության դեմ հանցագործությունների» համար։

Մահապատժի է դատապարտվել նաև Բաշար Ասադի զարմիկ Աթեֆ Նաջիբը։ Ասադի իշխանության տարիներին նա ղեկավարել է Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի քաղաքական անվտանգության վարչությունը։

Հենց Դարաայում են 2011 թվականին սկսվել զանգվածային բողոքի ցույցերը, որոնք մասամբ հանգեցրել են քաղաքացիական պատերազմի բռնկմանը։ Դրանց առիթ են դարձել դպրոցական պատին հակակառավարական գրություններ կատարած դեռահասների ձերբակալությունն ու խոշտանգումները։

Նաջիբը նույնպես մեղավոր է ճանաչվել մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ «15 տարեկանից փոքր երեխաների դիտավորյալ սպանության» և «մահվան հանգեցրած խոշտանգումների» համար։ Նա ձերբակալվել և կալանավորվել է 2025 թվականի հունվարին։ Դատավճռի հրապարակման պահին Նաջիբը գտնվել է դատարանի դահլիճում՝ ճաղերի հետևում։

Մահապատժի են դատապարտվել նաև Ասադի ևս յոթ համախոհներ, որոնց թվում է նրա կրտսեր եղբայր Մահեր Ասադը։ Նրանց նկատմամբ ևս դատավճիռները կայացվել են հեռակա կարգով։

Բաշար Ասադը Սիրիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2000-2024 թվականներին։ 2011 թվականին նրա իշխանությունը ուժով ճնշել է հակակառավարական բողոքի ցույցերը, որից հետո երկրում քաղաքացիական պատերազմ է սկսվել։ 2015 թվականից Ռուսաստանն ակտիվ աջակցություն է ցուցաբերել Ասադին։

Միջազգային կազմակերպությունները բազմիցս Ասադին և նրա մերձավորներին մեղադրել են մարդու իրավունքների խախտումների ու պատերազմական հանցագործությունների համար, այդ թվում՝ զանգվածային մահապատիժների, քիմիական զենքի կիրառման և քաղաքացիական օբյեկտների ռմբակոծությունների մեջ։

«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որը Ռուսաստանում և արևմտյան բազմաթիվ երկրներում ճանաչվել է ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդդիմության շարքերից նրա դաշնակիցները 2024 թվականի նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին Սիրիայի հյուսիսից առաջխաղացել են մինչև Դամասկոս ու երկրում իշխանություն գրավել՝ տապալելով Բաշար Ասադին և նրա շրջապատին։

Սիրիական զորքերն ու ուժային կառույցները գրեթե դիմադրություն չեն ցուցաբերել։ Ասադը հեռացել է երկրից և ապաստան ստացել Ռուսաստանում։

Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից պահանջել են Ասադի արտահանձնումը, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է նրան հանձնել։ 2025 թվականի սեպտեմբերին Սիրիայի դատարանը Բաշար Ասադի ձերբակալման օրդեր է տվել։

Leave a comment