Բժիշկ․ Լքված նորածնի ջերմաստիճանն իջել էր մինչև կրիտիկական 30 աստիճան (PAN.am)

Երևանում հայտնաբերված և հիվանդանոց տեղափոխված լքված նորածնի վիճակը գնահատվել էր ծանր, քանի որ նրա մարմնի ջերմաստիճանն իջել էր մինչև կրիտիկական 30 աստիճան: Այդ մասին հայտնել է ՎԱՊՄԳՀԻ նորածնային ծառայության գծով փոխտնօրեն, Նորածինների վերակենդանացման, ինտենսիվ բուժման և խնամքի երկրորդ էտապի բաժանմունքի վարիչ Արշակ Ջերջերյանը լրագրողների հետ զրույցում:

Երեխային հայտնաբերած տղամարդն այցելել է հիվանդանոց՝ երեխային տեսնելու։ Նա լուսանկարել է փոքրիկին և հուզվել հանդիպման ժամանակ, հայտնում է Aysor.am-ը:

Բժիշկը հայտնել է, որ նախորդ օրը բուժհաստատության ընդունարանում ահազանգ է ստացվել։ Ոստիկանների ուղեկցությամբ և շտապօգնության մեքենայով նորածինը տեղափոխվել է հիվանդանոց:

«Երեխան անմիջապես զննվել է, նրա վիճակը գնահատվել է ծանր։ Ցավոք, երեկ զով է եղել և երեխայի ջերմաստիճանն իջել էր մինչև 30 աստիճան, ինչը նորածինների համար կրիտիկական է, հատկապես՝ նոր ծնվածների։ Նրա մոտ հիպոթերմիա է եղել, որը վտանգավոր նշան է նորածնի համար։ Չի կարելի երեխային միանգամից տաքացնել, հատուկ պրոտոկոլ կա։ Հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է՝ 36.7 է, շնչառական անբավարարություն ունի, հատուկ ապարատի տակ է»,-ասել է բժիշկը:

Նա նաև տեղեկացրել է, որ նորածնի պորտալարը կապել են նրան հայտնաբերած մարդիկ։

«Երեխան, երբ կլինիկա է ընդունվել, պորտալարն արդեն կապված է եղել թանզիֆով, մոտ 20-25սմ պորտալար կար։ Մենք վստահորեն կարող ենք ասել, որ երեխան ծնվել է օգոստոսի 10-ին, պորտալարի թարմությունից կարելի է դատել, որ 3-5 ժամվա ծնունդ է եղել»,-ասել է Ջերջերյանը:

Նորածնին հայտնաբերել են Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ օգոստոսի 10-ին: Նրան արագ տեղափոխել են բժշկական կենտրոն։ Երեխային թողել էին խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ։

Leave a comment