Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, քանի որ գրվում է նոր Սահմանադրություն, հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Նա այդպես է պատասխանել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին, թե արդյոք Սահմանադրության տեքստից հանվել է Անկախության հռչակագրին հղումը։
«Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանադրությունը և միջից ինչ-որ բաներ ենք ջնջել, ինչ-որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ: Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակո՞ւմ է հղում Անկախության հռչակագրին: Ո՛չ, և չպետք է պարունակեր, և այդտեղ Ալիևը կապ չունի, որքան էլ խոսեք այդ մասին, որքան էլ շահարկեք»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ նոր Սահմանադրության տեքստը նախատեսվում էր հրապարակել 2026 թվականի մարտին, սակայն այն մինչ այժմ չի ներկայացվել, Ջուլհակյանը պարզաբանել է, որ նախագիծը դեռ լրացուցիչ քննարկումների կարիք ունի, այդ թվում՝ իշխանական թիմի ներսում։
Պատգամավորի խոսքով՝ երբ իրենք գնահատեն, որ Սահմանադրության ամբողջական տեքստն արդեն պատրաստ է հանրությանը որպես նախագիծ ներկայացնելու համար, այն կհրապարակվի։ Դրանից հետո կսկսվեն քննարկումներ, կընդունվեն համապատասխան առաջարկներ, որոնց հիման վրա նախագծում փոփոխություններ կկատարվեն։
«Հրապարակման ժամկետ է նշվել մինչև տարվա վերջը, և մենք այդ ժամկետի մեջ կտեղավորվենք»,- հայտարարել է Արուսյակ Ջուլհակյանը:
Ավելի վաղ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին, ասել է, որ չի կարող մեկնաբանել, և որ ամեն դեպքում Սահմանադրությունը փոխելու նախագիծը մշակվում է։