Փաշինյանն ընդունել է արաբական երկրների դեսպաններին․ քննարկվել են TRIPP նախագիծն ու COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերին


ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։


Վարչապետը կարևորել է արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ Հայաստանի և արաբական երկրների միջև ձևավորված են պատմական և մշակութային ամուր կապեր։ Նա նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է քաղաքական, դիվանագիտական և տնտեսական կապերի խորացման ուղղությամբ նոր նախաձեռնությունների առաջմղմամբ։


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Այդ համատեքստում զրուցակիցները շեշտել են Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը։


Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված քայլերի, այդ թվում՝ TRIPP նախագծի կյանքի կոչման շուրջ։


Անդրադարձ է կատարվել նաև այս տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Վարչապետը կարևորել է արաբական պետությունների պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը նախատեսվող միջոցառումներին։


Դեսպանները շնորհակալություն են հայտնել նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ այն կնպաստի արդյունավետ երկխոսությանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը։


 


 

Leave a comment