2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված յուրաքանչյուր երեխայի համար ծննդյան միանվագ նպաստը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Դիմումը հնարավոր է առցանց ներկայացնել «Ի-սոցիալ» հարթակի միջոցով կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Ներկայացվել են երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ քաղաքացիների առավել հաճախ հնչեցրած հարցերն ու դրանց պատասխանները։
Նշվում է, որ Հայաստանում երեխայի ծննդի կապակցությամբ տրամադրվող աջակցությունների շարքում են մայրության նպաստը, երեխայի ծննդյան միանվագ նպաստը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը, ինչպես նաև ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ամսական 50 հազար դրամ նպաստը։ Պետական աջակցություն է նախատեսված նաև հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխայի ծնվելու դեպքում։
Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող, այնպես էլ չաշխատող քաղաքացիները։
Չաշխատող անձանց համար մայրության նպաստի չափը սահմանվել է 172,698 դրամ։ Աշխատողների դեպքում գումարը հաշվարկվում է օրենքով նախատեսված կարգով՝ հիմք ընդունելով միջին ամսական աշխատավարձը։
Նպաստը ստանալու նպատակով դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Հղիության 210-րդ օրը լրանալուց հետո հնարավոր է դիմել բժշկական հաստատություն՝ անաշխատունակության թերթիկ բացելու համար՝ միաժամանակ նշելով այն բանկը, որտեղ պետք է փոխանցվի նպաստը։
Մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը խնամքի համար ամսական տրամադրվում է 31,600 դրամ՝ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին, 37,500 դրամ՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, իսկ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին՝ 69,100 դրամ՝ 37,500 և 31,600 դրամ գումարների հանրագումարը։
Այսպիսով, գյուղաբնակ ծնողը կարող է ամսական 69,100 դրամ ստանալ մինչև երեխայի երկու տարին լրանալը, եթե առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրում, իսկ դիմելու պահին երեխան նույնպես հաշվառված է գյուղական բնակավայրում։
Խնամքի նպաստի համար հնարավոր է դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո։ Դիմումը ներկայացվում է առցանց՝ հարթակում, կամ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոնում։
Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50 հազար դրամ նպաստը վճարվում է ամեն ամիս՝ մինչև երեխայի վեց տարին լրանալը։
Դիմումը հնարավոր է ներկայացնել առցանց եղանակով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքը երեխայի ծնվելու դեպքում կարող է օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչից։ Դրա շրջանակում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։
Ծրագրի այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է մինչև երեխայի մեկ տարին լրանալը դիմել հիփոթեքային վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։
Ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում աջակցության չափը կարող է կազմել մինչև 500 հազար դրամ, իսկ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 միլիոն դրամ։
Ծրագրի պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը հնարավոր է ծանոթանալ նախարարության կայքում: