Այնքան էլ ճիշտ պրակտիկա չէ. ՔՊ–ականը ՍԴ–ում կամ ԿԸՀ–ում քաղաքական գործչի նշանակման մասին

Բաժանորդագրվել

Իշխանական պատգամավորի խոսքով՝ այժմ քննարկվում է քաղաքական «սառեցման» շրջան ներդնելու գաղափարը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ սահմանադրական դատարանում և կառավարությունից անկախ այլ մարմիններում քաղաքական գործիչների նշանակման պրակտիկային պետք է վերջ դնել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, ՔՊ–ական Արուսյակ Ջուլհակյանը` պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանի հարցին։

Վարդևանյանը հետաքրքրվում էր, թե ինչ է կարծում Ջուլհակյանը Սահմանադրական դատարանում, կենտրոնական ընտրական հանձնաժողովում և այլ նմանատիպ կառույցներում քաղաքական գործիչների ընտրության վերաբերյալ։

«Այդ պրակտիկան այնքան էլ ճիշտ չէ, և այժմ քննարկվում է մի շարք պաշտոնների համար քաղաքական cooling-off period (սառեցման ժամանակահատված, այն տարածված է Արևմուտքում) ներդնելու գաղափարը։ Այս ժամանակահատվածը պետք է անցնեն այն անձինք, ովքեր զբաղեցրել են կուսակցական կամ քաղաքական պաշտոններ և հավակնում են պաշտոնի անկախ մարմիններում: Կոնկրետ օրինագիծ այս պահին չունենք, բայց կարծում եմ, որ պետք է գնանք այդ ճանապարհով»,– նշեց Ջուլհակյանը:

Վարդևանյանի հարցին` արդյոք պետք է հետադարձ ուժ տալ նման արգելքին, Ջուլհակյանը պատասխանեց, որ ՀՀ սահմանադրությունն այնքան էլ չի խրախուսում դրա կիրառումն օրենսդրության մեջ:

Հիշեցնենք, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ և դրանից հետո ընդդիմությունը բազմիցս դժգոհություն է հայտնել, որ ժամանակին (2022 թվականի հոկտեմբերին – խմբ.) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վահագն Հովակիմյանը, որը մինչ այդ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր էր։

Ընտրություններից հետո, երբ ընդդիմադիր կուսակցությունները Սահմանադրական դատարանում վիճարկում էին ընտրությունների արդյունքները, ընդդիմության պահանջով հարցի քննությունից հեռացվել էին 9 դատավորից 2–ը՝ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը: Վարդանյանը նախկինում ՔՊ պատգամավոր էր, ՍԴ դատավոր էր ընտրվել 2026 թվականի մարտին, իսկ Զեյնալյանը Փաշինյանի օրոք արդարադատության նախարար է եղել (2018-2019 թթ.)։

Leave a comment