TRIPP-ի շրջանակում Հայաստանի համար կարող է ստեղծվել գազի մատակարարման լրացուցիչ աղբյուր, հայտարարել է ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«TRIPP նախագիծը միայն երկաթուղու մասին չէ, այն նաև վերաբերում է գազատարին։ Այսինքն ՝ դրա շրջանակներում Հայաստանի տարածքով գազամուղ է անցնելու։ Եվ դա ևս մեկ հնարավորություն է որպես լրացուցիչ գազի աղբյուր»,– ասել է Խանդանյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա հավելել է, որ թեև ամեն ինչ դեռ տեսական է, բայց գործնականում դա դժվար չէ իրականացնել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորը չի բացառել, որ այս համատեքստում հնարավոր կլինի նաև Ադրբեջանից անմիջականորեն գազ մատակարարել Հայաստան։
Անդրադառնալով ռուսական գազին՝ նա նշել է, որ գնի վերանայման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Հայաստանն այդ հարցը բարեկամական ձևաչափով կքննարկի ռուս գործընկերների հետ։ Միաժամանակ, Խանդանյանի գնահատմամբ, այս ոլորտում մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացումը կարևոր նշանակություն ունի։
Պատգամավորը հիշեցրել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ Իրան կատարած վերջին այցի մասին, որի ընթացքում քննարկվել է գազի մատակարարումների ծավալն ավելացնելու հնարավորությունը։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Երևանն իրանական գազը չի դիտարկում որպես ռուսական գազի այլընտրանք։
Մայիսի 27-ին հայտնի է դարձել, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման վերաբերյալ համաձայնագրի հնարավոր միակողմանի չեղարկման մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին հայտարարել է, որ դժվար է պատկերացնում, թե ռուսական կողմն ինչպես կարող է միակողմանիորեն չեղարկել Հայաստանին գազ վաճառելու պայմանագիրը։ Նա նաև նշել է, որ գազի գնի վերաբերյալ մտահոգություններն ու քննարկումները հայաստանյան իրականությունում պարբերաբար են առաջանում։