Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով

Քաղաքականություն

11.08.2026 | 15:40

Ուկրաինան կարող է սկսել երկաթուղով հացահատիկ փոխադրել Մոլդովայով: Ըստ Reuters-ի՝ Կիևը սա համարում է ավելի անվտանգ արտահանման տարբերակ, քան ծովային տրանսպորտը։ Ուկրաինայի իշխանությունները խնդրել են Քիշնևին նվազեցնել փոխադրման սակագները, հայտնել են գործակալության երկու երկրների աղբյուրները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Կիևը կցանկանար իր հացահատիկը Մոլդովայի միջոցով տեղափոխել Ռումինիայի Կոնստանցա նավահանգիստ՝ անվանական սակագնի 50% զեղչով:

«Ներկայում մենք տեղեկություններ ենք հավաքում հնարավոր ծավալների վերաբերյալ հետաքրքրված մատակարարներից: Այդ գործընթացը դեռևս ավարտված չէ»,- ասել է Ուկրաինայի արդյունաբերության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան:

Մոլդովայի երկաթուղային ընկերության աղբյուրը նշել է, որ մոլդովական կողմը Կիևին երաշխիքներ է առաջարկել ուկրաինական հացահատիկի փոխադրման ծավալների վերաբերյալ:

«Երկու կողմերն էլ ներկայում քննարկում են Մոլդովայի միջոցով Կոնստանցա նավահանգիստ ուկրաինական հացահատիկի տարանցման ժամկետները և ծավալը»,- հավելել է նա:

Մոլդովական երկաթուղիների նախկին ղեկավար Օլեգ Տոֆիլատի գնահատմամբ՝ Մոլդովայի միջով երկաթուղով տեղափոխվող հացահատիկի ծավալը կարող է հասնել տարեկան 4,5 միլիոն տոննայի: Կիևը, իր հերթին, ակնկալում է, որ այս միջանցքը կկազմի երկրի արտահանման 10%-ը։

 

 

 

Leave a comment