Այսօր խորհրդարանում հետաքրքիր բանավեճ ծավալվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։ Թեման՝ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ձերբակալության հետ կապված Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունն էր։ Այդ բանավեճը զարմանալի էր այնքանով, որ Արուսյակ Ջուլհակյանը դատապարտում էր այդ հաղորդագրությունը, համարելով, որ խախտվել է երրորդ անձի հետ կապված իրավաչափությունը, իսկ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել էր ՔԿ-ի պաշտպանի դերը։
Այո, ստիպված ենք համաձայնվել Արուսյակ Ջուլհակյանի հետ ու հիշեցնել Ռուբեն Ռուբինյանին, որ որքան էլ պատկան մարմինը հրապարակի ձերբակալման մոտիվները, պարտավոր է ցուցաբերել այնպիսի զգուշություն, որ հրապարակումը չլինի երկիմաստ ու տարբեր մեկնաբանությունների տեղիք չտա։ Էլ չասած, որ բազմաթիվ դեպքերում մոտիվացիաները չեն հրապարակվում, պայմանավորված «նախաքննական գաղտնիքով»։
Սակայն եթե նույնիսկ անհրաժեշտություն է առաջանում հանրությանը տեղյակ պահել գործի որոշակի մանրամասներից, ապա դրանք պետք է լինեն չափազանց կարճ, առանց «սենտիմենտալ» շեղումների։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում անձնական հարաբերություններ։ Նման ձևակերպումն ունի մեկ նպատակ, հանրության մոտ որոշակի կասկածներ առաջացնել անձի նկատմամբ, ինչի արդյունքում ոտնահարվում է մարդու անունն ու արժանապատվությունը, որովհետև անձնական հարաբերություն ասվածը լայն հասկացություն է, այն կարող է լինել թե՛ ինտիմ, թե՛ ընկերական, թե՛ գործնական, թե՛ աշխատանքային և այլն։ Հատկապես, երբ հաղորդագրությունը շարունակվում է այնպիսի տեղեկատվության հրապարակմամբ, որ սպանություն պատվիրելու մեջ մեղադրվողի կինը գումարներ է փոխանցել սպանվածին։ Արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ հաղորդագրության մեջի «անձնական հարաբերություններ» բառակապակցությունն ավելորդ է, նման բան գրելու որևէ անհրաժեշտություն չկար, հետևաբար դա կարող է ունենալ միայն մեկ նպատակ, բացի իրավական տեսանկյունից, մարդուն նաև վնաս հասցնել բարոյապես, սևացնել անունն ու վարկաբեկել։
Իսկ ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, որ հրապարակվել է միայն անվան ու ազգանվան առաջին տառերը, ապա դա ծիծաղելի է, նույնն է, եթե մենք որևէ նյութ հրապարակենք ԱԺ նախագահի մասին ու Ռուբեն Ռուբինյանի փոխարեն գրենք՝ Ռ․Ռ․։