2027-ից կարգելվի մեկանգամյա նաև 50 միկրոնից հաստ մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը

2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը՝ ուժի մեջ են մտնում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում, «Շուկայի վերահսկողության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, հայտնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Դրանցով նոր պահանջներ են սահմանվում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության համար։

«Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի ընթացքում արգելվում է՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու առկայությունը, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման հետևյալ արտադրատեսակների վաճառքն ու առկայությունը՝ տարաներ, ափսեներ, բաժակներ, բաժակի կափարիչներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու և խառնելու ձողիկներ։

Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։

Օրենքով բացառություն է սահմանվել՝

  • կշռափաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային պարկերի,
  • երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերի,
  • ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված կափարիչով պլաստիկ տարաների համար։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն՝ նախատեսվում է վարչական պատասխանատվություն։

«Հորդորում ենք նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր գործունեությունը 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a comment