Հայաստանը պետք է ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով համազգային հանրաքվե անցկացնելու հարցում կողմնորոշվի մինչև դեկտեմբեր․ Գալուզին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով համազգային հանրաքվե անցկացնելու հարցում կողմնորոշվի մինչև 2026 թվականի դեկտեմբեր, երբ Երևանի նկատմամբ հետագա հնարավոր քայլեր ձեռնարկելու հարցը քննարկվելու է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։
ՌԴ ԱԳ նախարարն այդ մասին ասել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։
«Ակնհայտ է, որ եթե մինչև այդ պահը հանրաքվեի վերաբերյալ կոչն անտեսվի, ղեկավարներն այդ փաստն ուշադրության կենտրոնում կպահեն հետագա համատեղ քայլերի հարցում կողմնորոշվելու առումով»,- ասել է Գալուզինը։
ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ խոսք է գնում Հայաստանում հնարավոր ամենասեղմ ժամկետներում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին՝ Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։
«Ընդ որում, արդեն իսկ նախանշվել է, որ այդ հարցը քննարկվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ դեկտեմբերին կայանալիք նիստի ժամանակ, երբ երկրների ղեկավարներին պետք է զեկույց ներկայացվի Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ-ի պայմանագրի դրույթների կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ»,- ասել է Գալուզինը։