Գալուզին․ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության՝ նոյեմբերի 11-ին նախատեսված գագաթնաժողովում։ Այդ մասին ասել է ՏՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում ամբողջությամբ Հավաքական անվտանգության խորհրդի իրավասությանն է պատկանում (դրա կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները), որն իրավունք ունի նման որոշումներ ընդունել՝ կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա: Ինչ վերաբերում է ձեր հարցին, կիրառելի նորմերը ներառված են, մասնավորապես, դրա 20-րդ և 25-րդ հոդվածներում: Խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 11-ին»,-ասել է նա՝ պատասխանելով պարտավորությունների չկատարման վերաբերյալ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման մասին հարցին:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, որը պետք է բարեխղճորեն կատարեն բոլոր կողմերը՝ ներառյալ յուրաքանչյուր անդամ պետության ՀԱՊԿ մարմինների գործունեության ֆինանսավորմանը մասնակցելու պարտավորությունը։

«Կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց Երևանի հրաժարումը և դրա բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումների չստորագրումը նշանակում են միայն իրեն պատկանող իրավունքից չօգտվել, սակայն չեն դադարեցնում ազգային վճարը ժամանակին փոխանցելու Հայաստանի պարտավորությունները:

Ինստիտուցիոնալ արդյունավետության պահպանման սկզբունքից ելնելով՝ ցանկացած միջազգային կազմակերպությունում նման դեպքի համար առկա են հիմնարար փաստաթղթերով նախատեսված ընթացակարգեր։ ՀԱՊԿ-ը բացառություն չէ», – ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ: Ապրիլի 1-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր․ «ՀԱՊԿ-ի հետ կապված երբեք չենք թաքցրել, որովհետև 2022-ին ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, և դա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով՝ մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն»։

Leave a comment