Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո

Քաղաքականություն

10.08.2026 | 17:40

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ՌԴ-ում դեսպան Լիլիան Դարիիին Մոսկվայից հետ կանչելու մասին՝ խորհրդակցությունների համար։ Որոշումը կայացվել է օգոստոսի 9-ի կեսօրին Մոլդովայում ռուսական անօդաչու թռչող սարքի անկումից հետո, գրում է Current time-ը։

Դեպքը տեղի է ունեցել Ստեֆան Վոդայի շրջանի Կրոկմազ գյուղի մոտակայքում։ Անօդաչուն պայթել է շուրջ 2,5 մետր բարձրության վրա՝ անտառային գոտում ծառի հետ բախվելուց հետո։ Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն անօդաչու սարքի բեկորները վնասել են մի քանի մասնավոր տներ և այրել չոր խոտը։

Մոլդովայի ոստիկանությունը, որն ուսումնասիրել է դեպքի վայրում հայտնաբերված բեկորները, կարծում է, որ դա կարող է լինել «անօդաչու թռչող սարք-հրթիռ»։

«Մինչ օրս Մոլդովայում այս տեսակի թռչող սարք չի հայտնաբերվել։ Հետաքննություն է ընթանում՝ անօդաչու թռչող սարքի ճշգրիտ տեսակը և ծագումը պարզելու համար», – ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է միջադեպը։ Գերատեսչությունը հայտարարել է, որ միջադեպը «երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է» և վտանգել է քաղաքացիների անվտանգությունը։

«Մոլդովան դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմը և դրա հետևանքները մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար»,- նշել է ԱԳՆ-ն։

Մոլդովայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2026 թվականի հուլիսի վերջի դրությամբ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր Մոլդովայի տարածքում հայտնաբերվել են 28 հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բեկորներ։ 12 դեպքում անօդաչուները զինված են եղել պայթուցիկ նյութերով։

 

 

Leave a comment