ՍԱՏՄ-ն դրական է գնահատել սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողության արդյունքները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն օգոստոսի 1-ից սկսել է սննդամթերքի առաքման ոլորտում թիրախային վերահսկողություն իրականացնել։ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում անցկացված լայնածավալ վերահսկողական միջոցառումները, որոնց ժամանակ ստուգվել է առաքիչների սանիտարական գրքույկների առկայությունը, դրական արդյունքներ են գրանցել։

Մասնավորապես, ստուգված 237 առաքիչից սանիտարական գրքույկ չեն ունեցել միայն սննդամթերքի առաքմամբ չզբաղվող անձինք։ Սննդամթերքի առաքման համար նախատեսված հավելվածների՝ Յանդեքսի, Գլովոյի և այլ հարթակների ուսումնասիրության արդյունքում այդ առաքիչները չեն նույնականացվել որպես սննդամթերք տեղափոխողներ։

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն՝ սննդի շղթայի յուրաքանչյուր փուլում՝ արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման գործընթացներում ներգրավված անձնակազմը պետք է նախնական բժշկական զննություն անցնի աշխատանքի ընդունվելիս, իսկ հետագայում՝ պարբերաբար՝ յուրաքանչյուր կիսամյակ։ Նրանք նաև պետք է ունենան անձնական սանիտարական գրքույկ։

Առաքիչը համարվում է սննդի շղթայի կարևոր օղակ և պատասխանատվություն է կրում սննդամթերքի անվտանգ ու պատշաճ տեղափոխման համար։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է հետևողական վերահսկողություն իրականացնել ոլորտում՝ ստուգելով սննդամթերքի առաքմամբ զբաղվող անձանց պարբերական բժշկական զննություն անցած լինելն ու անձնական սանիտարական գրքույկների առկայությունը։

Leave a comment