Մեկ տարի առաջ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվեց այսպես կոչված տարածաշրջանային խաղաղության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված հռչակագիրը Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների միջև և ԱՄՆ նախագահի ներկայությամբ։ Հռչակագրով տրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացների, այդ թվում ԹՐԻՓ նախագծի մեկնարկը։ Իշխող ՔՊ խմբակցության ներկայացուցիչները նման պայմանավորվածություններն ու փաստաթղթի ստորագրումն աննախադեպ ձեռքբերում են համարում ինչպես Հայաստանի, այնպես էլ մեր տարածաշրջանի համար՝ այստեղ կայուն ու տևական խաղաղություն հաստատելու, տարածաշրջանի պետությունների միջև դիմակայությունները բարեկամության փոխարինելու և համատեղ ուժերով տարածաշրջանի համար աշխարհաքաղաքական նոր՝ բարենպաստ իրողություններ հաստատելու առումով։ Այդպիսով իշխանությունը ձգտում է արդարացնել Արցախը հանձնելուց հետո իրենց կատարած բոլոր ապապետական գործողությունները, ավելի ճիշտ՝ արկածախնդրությունը՝ դրանք իբրև հաջողության ու Հայաստանի զարգացման գրավական ներկայացնելով։ Հանրության մի հատվածը հավատում է այդ խաբկանքին և հույս տածում, որ իրոք այս իշխանությունների օրոք Հայաստանին կհաջողվի ի վերջո դուրս գալ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված շրջափակումից ու ավելի լավ կյանքով ապրել՝ դառնալով բարեկեցիկ, անվտանգ, ծաղկուն պետության քաղաքացի։
Այսօր էլ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն է հիացմունքով խոսել այդ հռչակագրի մասին՝ հայտնելով, թե հռչակագրով սահմանված խաղաղությունն արդեն իրողություն է, և այդ փաստը մի շարք ձեռքբերումներով է ամրագրվել։ Դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև շփումներն են, որոնց որակն ու բովանդակությունը ՔՊ պատգամավորի ենթադրությամբ փոխվել են դեպի դրականը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումը։ «Մենք, բոլոր քաղաքացիները, կարող են զգալ, որ խաղաղություն է։ Ականատես ենք լինում, որ երկու հասարակության մեջ կա շփում։ Մենք տեսնում ենք, որ տեղի են ունենում առևտրային գործարքներ, և սա ցույց է տալիս այն, որ խաղաղությունը փոխշահավետ է, և երկու պետությունները հետաքրքրված են խաղաղությամբ»,- ասել է Ղազարյանը։ Պատգամավորը անդրադարձել է նաև մասնավորապես ընդդիմության պնդումներին, թե իրականում այդ նախագծի իրագործմամբ Հայաստանը Սյունիքով միջանցք է տրամադրում Ադրբեջանին՝ կատարելով ադրբեջանի՝ Զանգեզուրի միջանցքը հանձնելու պահանջը։ Սոնա Ղազարյանը հերքում է բոլոր այդ պնդումները և հավաստիացնում՝ «շրջանակային պայմանագրով որևէ միջանցք չի նախատեսվում, ԹՐԻՓ-ը միջանցք չէ, ՀՀ իշխանությունը չի զիջել իր սուվերենությունը և մենք կարողացել ենք մեր կարմիր գծերից հետ չկանգնել»։
ՔՊ պատգամավորուհին ընդդիմադիրների համոզումներն ու հայտարարությունները հերքելով՝ այնուհանդերձ որևէ ձևով չի հակադարձում ադրբեջանական կողմից հնչող նույնատիպ հայտարարություններին, որ Հայաստանով Ադրբեջանը միջանցք է ստանալու՝ Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանն ուղիղ ճանապարհով կապելու է Նախիջևանի հետ, ինչպես նաև Ստամբուլի։ ՀՀ վարչապետը Ադրբեջանից հնչող նման հայտարարություններին սովորաբար կոչ է անում որևէ ձևով չարձագանքել՝ հայ հանրությանը համոզելով, թե այդկերպ իբրև ադրբեջանական ագրեսիան ու տարածքային նկրտումները ինքնըստինքնյան կսաստվեն և թեման կփակվի։ Բայց Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի մասին խոսույթն ամենևին չի մարում և ավելի ու ավելի գործնական ընթացք է ստանում։ Օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր տրանսպորտային հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը գրեթե ավարտել է տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունը։ Բաքվից մինչև Զանգելան և Հայաստանի սահման ընկած ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները գտնվում են կառուցման ավարտական փուլում։ Բացի այդ, վերականգնվել է Նախիջևանի երկաթգիծը։ Հաջիևը հիշեցրել է, որ Թուրքիան նոր երկաթգիծ է կառուցում Կարսի և Իգդիրի միջև, հավելելով, որ այն դառնալու է տարածաշրջանի նոր տրանսպորտային ցանցի մի մասը։ «Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով։ Դա այդքան էլ հեռու հեռանկար չէ»,- ասել է Հաջիևը։
Իսկ օգոստոսի ութին՝ Վաշինգտոնյան հռչակագրի մեկամյակի կապակցությամբ ադրբեջանական պետական AZTV հեռուստաընկերությունը, որն ակնհայտորեն երկրի պետական քաղաքականության քարոզչություն է իրականացնում, հեռարձակեց ռեպորտաժ, որտեղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը ներկայացվում էր որպես «Արևմտյան Ադրբեջանի» մաս։ Ռեպորտաժը վերնագրված էր «35 տարվա կարոտ. գյուղ, որը 3 տարի դիմադրեց թշնամուն․․․» և դրանում նորից «Զանգեզուրի միջանցքի» թեզն էր առաջ տարվում։ Այդպիսի տեսանյութերը և պաշտոնական Բաքվից ազատ ու հանամրձակ հայտարարությունները փաստում են Բաքվի հավակնությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ, ինչի մասին դավադրաբար լռում են ՀՀ իշխանություններըև դեռ ընդդիմությանը մեղադրում իրենց ազգի թշնամիների շարքում դասելու մեջ։
Թագուհի Ասլանյան