Երկու օր առաջ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված քաղաքացիների մոտ զենքեր են հայտնաբերվել։ Այդ մասին ասել են Ներքին գործերի նախարարությունից, հայտնում է Factor.am-ը:
«Օգոստոսի 8-ին, ՆԳՆ ոստիկանության քրեական և համայնքային ոստիկանության ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց վարած մեքենաներով հանդերձ։ Հայտնաբերվել են հրազեն, սառը զենքեր, կռփազենք»,-հայտնել են նախարարությունից:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով Երևանում ստացված օպերատիվ տեղեկությունները, Նար-Դոսի փողոցում հատուկ օպերացիա են իրականացրել։
«Ոստիկանները ապօրինի զենք, զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխել 15-ից ավելի քաղաքացիների, որոնք իրենց ընկերական շրջապատում հայտնի մականունավորներ են»,- գրել էր լրատվականը։