Ազգային ժողովի ամբիոնից «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն առաջարկեց 12-ի փոխարեն ստեղծել 6 մշտական հանձնաժողով։
Պատգամավորի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով, ինչը Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված առավելագույն թիվն է։ Սակայն, նրա պնդմամբ, դա չի նշանակում, որ խորհրդարանում պարտադիր պետք է գործի հենց 12 հանձնաժողով։
«Ես ունեմ առաջարկություններ, թե որոնք կարող էին լինել այդ վեց՝ ընդամենը վեց մշտական հանձնաժողովները»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ ուսումնասիրել է նախորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների արձանագրությունները և արձանագրել դեպքեր, երբ հանձնաժողովները տարիների ընթացքում գրեթե չեն աշխատել։
«Մշտական հանձնաժողովը այն մարմինն է, որը ծանրաբեռնված պիտի աշխատի օրենքի նախագծեր քննարկելու համար։ Իսկ եթե չկա ծանրաբեռնվածություն, մենք ուղղակի պետական բյուջեի ավելորդ միջոցներ ենք վատնում»,- ասաց Ղազարյանը։
Նրա հաշվարկով՝ եթե 12-ի փոխարեն Ազգային ժողովում գործի 5-6 մշտական հանձնաժողով, ապա միայն աշխատավարձերի տարբերության հաշվին հինգ տարվա ընթացքում հնարավոր կլինի խնայել մոտ 500 հազար դոլար։
«500,000 դոլարը մոտավորապես 25 հատ արաբական ձի է՝ ցեղամաքուր, որով կարելի է կազմակերպել արաբական ձիերի փառատոն»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ դեպքում փառատոնի մասնակիցները ստիպված չեն լինի շոգին հասնել Կատար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան