Շահանե Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել:
Շահանե Մնացականյանը 2006–2013 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և ստացել բժշկագիտության բակալավրի աստիճան։ 2013–2015 թվականներին նույն բուհում ուսումը շարունակել է հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրով։ 2015–2017 թվականներին կրթություն է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետում՝ ստանալով հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան։
2020–2021 թվականներին սովորել և ավարտել է Հարվարդի բժշկական դպրոցի «Անվտանգություն, որակ, ինֆորմատիկա և առաջնորդություն» հետբուհական հավաստագրման ծրագիրը։ 2024–2025 թվականներին ուսանել է ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ «Համաճարակաբանություն» մասնագիտությամբ, և ստացել բժշկի դիպլոմ։
Մնացականյանն աշխատանքային գործունեությունը սկսել է 2015 թվականից։ 2015–2018 թվականներին աշխատել է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում՝ զբաղեցնելով որակի ապահովման մենեջերի պաշտոնը։
2018–2020 թվականներին աշխատել է «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ-ում՝ որպես որակի մենեջեր։ 2019–2022 թվականներին համակարգել է «EcoSence Laboratories»-ի գիտական ծրագրերը։
2020–2024 թվականներին «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ-ում աշխատել է որպես փոխտնօրեն։ 2022–2025 թվականներին եղել է «Ուիգմոր Գրուպ» ՓԲԸ-ի՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի գործառնական գծով փոխտնօրեն, իսկ մինչև 2026 թվականը զբաղեցրել է «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։
2021–2022 թվականներին աշխատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակում՝ որպես լաբորատորիայի ազգային խորհրդատու։ 2026 թվականից զբաղեցրել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը։
Մնացականյանը նաև դասախոսական գործունեություն է իրականացրել։ 2023–2025 թվականներին Առաջնորդության և նորարարության ակադեմիայում դասավանդել է առողջապահության ոլորտում որակի կառավարման և այլ թեմաներով։
2017–2019 թվականներին եղել է Ամերիկյան մանրէաբանների ասոցիացիայի Հայաստանի երիտասարդ դեսպանը։ Այդ ժամանակահատվածում մասնակցել է Հայաստանի երիտասարդ գիտնականների ցանցի ստեղծմանը, գիտական համագործակցությունների զարգացմանը և մասնագիտական աշխատարանների կազմակերպմանը։
Նա ԱՄՆ-ի FSA FLEX ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի 2005–2006 թվականների շրջանավարտ է։ Մնացականյանը նաև կամավորական գործունեություն է իրականացրել, մասնակցել միջազգային մասնագիտական վերապատրաստումների ու գիտաժողովների։
Նա առողջապահության և վարակիչ հիվանդությունների ոլորտներին վերաբերող մի շարք գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում։ Որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով։
Հայկ Առաքելյանը բլոկչեյնի և թվային ակտիվների գծով հավաստագրված մասնագետ է՝ CBDA, Digital Assets Council of Financial Professionals։
2023 թվականին ավարտել է Harvard Business School Online-ի «Ռազմավարության իրականացում» (Strategy Execution) ծրագիրը։ Նա նաև անցել է Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքների ակադեմիայի (PRB Academy) ուսուցողական ծրագրերը։
2018 թվականին մասնագիտական պրակտիկա է անցել Գերմանիայում՝ Ֆրանկֆուրտի KfW զարգացման բանկում և Շտուտգարտի Fichtner Management Consulting AG-ում։
2016 թվականին ավարտել է Լոնդոնի Իմպերիալ Քոլեջը՝ ստանալով գիտությունների մագիստրոսի աստիճան (MSc) շրջակա միջավայրի տեխնոլոգիաների ուղղությամբ։ Մեկ տարի առաջ՝ 2015 թվականին, ավարտել է Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանը և ստացել իրավագիտության մագիստրոսի (LLM) աստիճան՝ առևտրային իրավունքի ուղղությամբ։
2012-2013 թվականներին աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես իրավախորհրդատու։ 2010-2012 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։ Մինչ այդ՝ 2006 թվականին, ավարտել է Երևանի Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը։
2024-2026 թվականներին Հայկ Առաքելյանը եղել է «Renshin Investments» ընկերության՝ ներգրավված ֆինանսական միջոցների կառավարման ղեկավարը։
2023-2024 թվականներին զբաղեցրել է «Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի» (AMX) գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնը, իսկ 2022-2023 թվականներին ղեկավարել է «Կոնվերս Բանկ»-ի ESG ուղղությունը։
2019-2022 թվականներին աշխատել է «Էրնսթ ընդ Յանգ» (EY) ընկերությունում՝ որպես կլիմայի փոփոխության և կայունության ծառայությունների ավագ խորհրդատու։ Այդ ընթացքում խորհրդատվություն է տրամադրել բանկային, մետաղական հանքարդյունաբերության և այլ ոլորտներում գործող ընկերություններին՝ կանաչ պարտատոմսերի թողարկման, կայունության ռազմավարության ու հաշվետվողականության հարցերի վերաբերյալ։