Զոնաբենդ․ ԱԳՆ-ից դեռևս ինձ հետ որևէ մեկը կապ չի հաստատել (PAN.am)

Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է, որ դրական է գնահատում այն տեղեկությունները, որ իր հետ հանդիպման կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություն է նշանակվել ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, սակայն, որ ԱԳՆ-ից դեռևս իր հետ որևէ մեկը կապ չի հաստատել:

«Հայաստանի Հանրապետության վարչապետը oգոստոսի 8-ի իր ուղերձում հայտարարեց, որ «մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը»։ Ես լիովին կիսում եմ այս գնահատականը և ուրախ էի կարդալ այդ խոսքերը։

Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել։

Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները և հույս ունեմ առարկայական հանդիպման՝ քննարկելու Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման հետագա քայլերը, ինչպես նաև Ադրբեջանում կալանքի տակ պահվող Հայաստանի քաղաքացիներին առնչվող այլ հարցեր»,-նշել է նա:

Օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Նշվել էր, որ նրան փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար:

Վերոնիկա Զոնաբենդը հուլիսի 8-ին բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու մտադրության մասին։

Leave a comment