Մոտ 11 մլն եվրո հափշտակած և փողերի լվացում կատարած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:
Հետախուզման մեջ գտնված Վ․Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ-ում, իսկ 2026 թվականի հունիսի 18-ին արտահանձնվել է Հայաստանին։
2013 թվականի սեպտեմբերի 28-ին հարուցված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով հավաքված ապացույցները հաստատել են, որ ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներ նպատակադրվել են խաբեությամբ հափշտակել Հայաստանում գործող բանկին փոխանցված ընդհանուր 10 մլն 980 հզր եվրոն։ Ըստ վարույթի՝ նրանք բանկի ղեկավարի և նրա տեղակալի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ շրջանառության մեջ են դրել ընկերությունների միջև իբր կնքված փոխառության կեղծ պայմանագրեր ու գրություններ։ Դրանց հիմքով բանկում պահվող հիշյալ գումարից 1 մլն եվրոն 2012 թվականի օգոստոսի 1-ին նախ փոխանցվել է հանցավոր խմբի անդամներից մեկի կողմից կառավարվող ընկերության հաշվին, այնուհետև՝ ընկերության՝ բանկում բացված հաշվին։
Դրանից հետո շրջանառության մեջ դրված կեղծ փաստաթղթերի հիմքով վերոնշյալ գումարի մնացած՝ 9 մլն 980 հզր եվրոն 2012 թվականի հոկտեմբերի 3-ին փոխանցվել է նրանց հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության հաշվին, իսկ 2013 թվականի մարտին՝ ընկերության բանկային հաշվին։ Այնուհետև գումարի մի մասը կանխիկացվել է, իսկ մյուս մասը փոխանցվել է հանցավոր սխեմայում ներգրավված անձանց բանկային հաշիվներին։ Արդյունքում, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում հիշյալ անձինք կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ և խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 5 մլրդ 804 մլն 577 հզր ՀՀ դրամին համարժեք 10 մլն 980 հզր եվրո։ Գումարի ծագման աղբյուրն ու իրական բնույթը թաքցվել են՝ այդ կերպ կատարվելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
2015 թվականի հունվարի 27-ին Վ.Մ.-ն և հանցավոր սխեմայում ներգրավված մյուս անձինք քրեական վարույթով ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։ Նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Նախաքննության ընթացքում հիշյալ հոդվածներով Վ․Մ․-ի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։
Վ.Մ.-ին վերաբերող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Նույն հանցավոր սխեմայում ներգրավված Ա․Կ․-ի և Մ․Ե․-ի վերաբերյալ քրեական վարույթը դեռ 2014 թվականին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչի արդյունքում նրանք դատապարտվել են ազատազրկման։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։