Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 

Քաղաքականություն

10.08.2026 | 13:13

Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման օրենքով սահմանված նախազգուշացում կիրառելու կամ անհետաձգելի միջամտության որոշումները վիճարկող հայցադիմումները վարչական դատարան այլևս չեն ներկայացվելու։ Փոխարենը, դրանք քննվելու են Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, իսկ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան գլուխն ուժը կորցրած է ճանաչվելու։ Այսպիսի նախագիծ է շրջանառության մեջ դրել Արդարադատության նախարարությունը։

Նախագծի համաձայն՝ նախազգուշացում կիրառելու որոշումը վիճարկող հայցադիմումը կարող է դատարան ներկայացվել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ անհետաձգելի միջամտության որոշման դեպքում՝ հնգօրյա ժամկետում։ Հայցադիմումը ներկայացվելու է հայցվորի բնակության վայրի առաջին ատյանի դատարան։

Դատարանը նախազգուշացումը կամ պաշտպանական որոշման կիրառման հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու է եռօրյա ժամկետում, իսկ անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցը՝ ներկայացվելուց հետո 36 ժամվա ընթացքում։

Գործերը քննվելու և որոշվելու են առանց դատական նիստ հրավիրելու։ Նախազգուշացման և պաշտպանական որոշման դեպքում որոշումը կայացվելու է վարույթ ընդունելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ անհետաձգելի միջամտության դեպքում՝ 48 ժամվա ընթացքում։

Նախագիծը հանրային քննարկման կմնա մինչև օգոստոսի 25-ը։

Արփի Հակոբյան

 

Leave a comment