«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։
«105–ից 53–ը մասնակցել են քվեարկությանը, եղել է 53 կողմ ձայն»,–քվեարկության արդյունքները ներկայացրել է հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն հայտարարել էր, որ ՔՊ-ն Վարդևանյանի օգտին բավարար թվով ձայներ է ապահովելու, որպեսզի նա ընտրվի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը նախապես հայտարարել էր, որ խմբակցությունն ամբողջ կազմով կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը։
Դիմելով Վարդևանյանին՝ Մանավազյանը նշել էր, որ տեսակետ է հնչել, համաձայն որի՝ վերջինս արդարության փաստաբանն է, ինչպես նաև՝ սատանայի փաստաբանը՝, մինչդեռ իրականում նա հարուստ հաճախորդների փաստաբանն է՝, հայտնում է 1Lurer.am-ը:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Վարդևանյանի ընտրությունը ՔՊ-ի պարտավորությունն է, այլ ոչ թե բարի կամքի դրսևորում, Մանավազյանը նշել է, որ իշխող խմբակցությունը պարտավորված չէ կողմ քվեարկել բոլոր թեկնածուներին։ Նրա խոսքով՝ իրենք պարզապես հարգում են Սահմանադրությունը, և դա իրենց կողմից բարի կամքի դրսևորում է։
2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Վարդևանյանը մասնակցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով։ Ավելի վաղ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում ընտրվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։