Հութիները Եմենի նավահանգստում սաուդյան ուժերի դեմ զանգվածային հարված են հասցրել

Բաժանորդագրվել

Մոխա նավահանգիստը գտնվում է ռազմավարական Բաբ էլ Մանդեբի նեղուցի մոտ՝ համաշխարհային առևտրի առանցքային երթուղիներից մեկում։

Եմենական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի ուժերին և զենքի պահեստներին Եմենի Մոխա նավահանգստի շրջանում, հայտնել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն են իրականացրել, որի թիրախում եղել են սաուդյան հակառակորդի ուժերի կուտակումներն ու սպառազինության պահեստները Մոխայի շրջանում»,– ասել է Սարիան։

Շարժման ներկայացուցչի խոսքով՝ հարվածը ճշգրիտ է եղել և շարքից հանել է հսկայական տեխնիկա ու սպառազինություն, ինչպես նաև զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ, որոնց թվում եղել են սաուդյան զինծառայողներ։

Շարժումից հայտարարել են, որ հարվածը պատասխան էր Եմենի արևմտյան ափին և Թաիզ նահանգում Սաուդյան Արաբիայի կողմից ուժերի և սպառազինության շարունակական կուտակմանը։

Նշենք, որ Մոխան գտնվում է ռազմավարական Բաբ էլ Մանդեբի նեղուցի մոտ՝ համաշխարհային առևտրի առանցքային երթուղիներից մեկում, որով սովորական պայմաններում անցնում է համաշխարհային ծովային առևտրի մոտ 12%-ը։

Leave a comment