Երևանի կենտրոնում, ՀՀ ևս 3 քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Երևանում իրականացված մոնիթորինգի ընթացքում մի շարք վարչական շրջաններում փոշու և ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ են գրանցվել։

Դիտարկումների համաձայն՝ օդում փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Արաբկիրում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում է արձանագրվել հուլիսի 29-30-ը և օգոստոսի 2-ին, իսկ Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին։ Շենգավիթում փոշու պարունակության սահմանված շեմի գերազանցում չի գրանցվել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոնում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից բարձր է եղել հուլիսի 31-ին և օգոստոսի 2-4-ը։

Նոր Նորքում ազոտի երկօքսիդի թույլատրելի ցուցանիշի գերազանցում է արձանագրվել հուլիսի 29-31-ը, ինչպես նաև օգոստոսի 2-ին և 4-ին։ Արաբկիրում և Շենգավիթում այս նյութի պարունակությունը սահմանված շեմը չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակության դեպքում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում չի արձանագրվել։

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն իրականացված դիտարկումների արդյունքում Վանաձորում, Հրազդանում և Արարատում մթնոլորտային օդի փոշու պարունակության թույլատրելի մակարդակի գերազանցումներ են արձանագրվել։

Տվյալների համաձայն՝ մթնոլորտային օդում փոշու քանակը որոշ վայրերում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Վանաձորում Ծատուրյան փողոցին հարակից տարածքում գերազանցում է գրանցվել օգոստոսի 1-ին։ Նույն օրը թույլատրելի շեմից բարձր ցուցանիշ է արձանագրվել նաև Հերացի փողոցի հարակից հատվածում։

Վարդանանց փողոցի մերձակա տարածքում փոշու պարունակությունը սահմանված մակարդակը չի գերազանցել։

Հրազդանում թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում է արձանագրվել հուլիսի 28-30-ն ընկած ժամանակահատվածում։

Արարատ քաղաքում բարձր ցուցանիշ է գրանցվել հուլիսի 27-ին։

Գյումրիում փոշու պարունակությունը թույլատրելի սահմանը չի գերազանցել։

Ալավերդիում ևս սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում չի արձանագրվել։

Leave a comment