Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգված է ՀԱԵ շուրջ իրավիճակով (PAN.am)

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ արձանագրված զարգացումների վերաբերյալ։

Կազմակերպության գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլեյի հայտարարության համաձայն՝ մտահոգության առիթ են հանդիսացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահների գործողությունների, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունների մասին հաղորդումները, հայտնում է Auroranews.am-ը:

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ընդգծել է, որ Հայ Առաքելական եկեղեցին նշանակալի դեր ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում, ինչպես նաև կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային քրիստոնեական համայնքում։

Կազմակերպության գնահատմամբ՝ սրբավայրերում ուժի գործադրման և հոգևորականների ձերբակալությունների վերաբերյալ տեղեկությունները հարցեր են առաջացրել կրոնական ազատության, պաշտամունքի վայրերի անձեռնմխելիության, ինչպես նաև եկեղեցական կառույցների ինքնավարության առնչությամբ։

WCC-ն նաև արձանագրել է, որ հասարակական կոշտ հռետորաբանությունը կարող է ավելի խորացնել ներքին տարաձայնությունները։

Կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին հորդորել է երաշխավորել կրոնական առաջնորդների և հաստատությունների իրավունքները, ապահովել իրավական պատշաճ ընթացակարգերի պահպանումը և զերծ մնալ այնպիսի քայլերից կամ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես կրոնական կառույցների թիրախավորում։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նաև պետական մարմիններին և կրոնական համայնքներին կոչ է արել բաց ու կառուցողական երկխոսություն վարել՝ շեշտադրելով փոխադարձ հարգանքի կարևորությունը։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել գործը քննելուց։ Այդ մասին դատարանի բակում տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած նիստն անցել է դռնփակ ռեժիմով, տևել մոտ 30 րոպե: Դատարանի բակում հավաքվածները Գարեգին Բ-ին դիմավորել էին ծափերով և «վեհափառ» վանկարկումներով, երգել Մայր աթոռի պահպանության շարականը, ապա միասին Տերունական աղոթք հնչեցրել։ Դատարանի բակում էին նաև ընդդիմադիր և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Leave a comment