Խաչատրյան․ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը շարունակվելու և ընդլայնվելու է (PAN.am)

Շինարարի օրվա և Հայաստանի շինարարների միության 30-ամյակի կապակցությամբ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորել է մասնագետներին։

Իր ելույթում նա ասել է, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը շարունակվելու և ընդլայնվելու է:

Նոր հնգամյա ծրագրում նախատեսվում է ներառել ևս 300 դպրոցի, 100 մանկապարտեզի, 100 մշակույթի և սպորտի դպրոցի, 100 մարզահրապարակի և 50 առողջապահական կազմակերպության կառուցման կամ նորոգման աշխատանքներ։

Միջոցառման մասնակիցներին ողջունել և շինարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա կարևորել է շինարարության և դրա որակի անմիջական ազդեցությունը քաղաքացիների կյանքի որակի վրա։ Նախարարի գնահատմամբ՝ էական է, որ իրականացվող ծրագրերի արդյունքները շոշափելի ու տեսանելի լինեն մարդկանց առօրյա կյանքում և նպաստեն նրանց կենսապայմանների բարելավմանը։

«Այն գույները, որոնցով մեր նոր դպրոցները լցնում են մեր բնակավայրերը, այն միջավայրերը, որոնք ստեղծում են նոր մանկապարտեզները մեր երեխաների համար, շինարարությունն անմիջապես դարձնում են նրանց կյանքի որակի վրա ազդող գործոն։ Հետևաբար այն աշխատանքը, որ մենք միասին կատարում ենք, պարզապես ենթակառուցվածքներ ստեղծելու մասին չէ. այն կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի գնահատմամբ՝ ներկայում կառուցվող դպրոցների և մանկապարտեզների ազդեցությունն ամբողջությամբ տեսանելի է դառնալու ապագայում, քանի որ երեխաների գիտելիքներն ու հմտությունները ձևավորվում են ոչ միայն ուսումնական գործընթացում, այլև այն միջավայրի ազդեցությամբ, որտեղ նրանք ապրում և կրթություն են ստանում։

«Այդ միջավայրը, որը ստեղծվում է նաև ձեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ, ցույց է տալիս, որ ենթակառուցվածքների ձևավորումը ռազմավարական և առանցքային նշանակություն ունի»,- ընդգծել է նախարարը։

ԿԳՄՍ նախարարը նաև արձանագրել է, որ լայնածավալ շինարարական ծրագրերը վերածվում են նոր փորձառության և հնարավորության՝ մասնագիտական ներուժն ընդլայնելու և զարգացման նոր հեռանկարներ ստեղծելու համար։ Որպես օրինակ՝ նա մատնանշել է 2029 թվականի Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացնելու նպատակով ՖԻՖԱ-ի պահանջներին համապատասխանող մարզադաշտերի կառուցումը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ռազմավարական նման նախաձեռնություններից է նաև «Ակադեմիական քաղաքի» ծրագիրը, որը Կառավարության գործունեության նոր փուլում թևակոխելու է իրականացման վճռորոշ շրջան։

Խոսելով մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին՝ նախարարը գործընկերներին շնորհակալություն է հայտնել նաև այս ոլորտում համագործակցության համար։ Նա շեշտել է, որ հուշարձանների վերականգնման աշխատանքները պահանջում են մասնագիտական բարձր որակավորում և պատասխանատվության մեծ աստիճան։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևոր նշանակություն է տվել նաև ոլորտային կրթությանը։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շարունակելու է կատարել իր կարևոր առաքելությունը։ Միաժամանակ նա ընդգծել է միջին մասնագիտական կրթական հաստատությունների դերը, որտեղ պատրաստվում են շինարարության ոլորտի համար առանցքային նշանակություն ունեցող մասնագետներ։

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ Կառավարությունն արդեն չորրորդ տարին իրականացրել է հատուկ կրթաթոշակային ծրագիր գերակա մասնագիտություններով, այդ թվում՝ շինարարության ոլորտում սովորող ուսանողների համար։ Ծրագրով երիտասարդները խրախուսվել են ընտրելու այդ մասնագիտությունները՝ ստանալով ամսական 50,000 դրամ կրթաթոշակ։

Ելույթներից հետո անցկացվել է պարգևատրման արարողություն, որի ընթացքում Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք երախտավորների հանձնել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալ և շնորհակալագրեր։

Leave a comment