Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և Ամերիկայի Հայ եկեղեցու Արևելյան թեմը դատապարտել են Ամենայն Հայոց կաթողիկոսի ու հոգևորականների նկատմամբ դատավարությունը։
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է «Հայաստանյան Առաքելական սուրբ եկեղեցու, նրա բարձրագույն իշխանության և բարձրաստիճան հոգևորականների դեմ շարունակվող դատական հետապնդումները» և պահանջել դադարեցնել Ամենայն Հայոց կաթողիկոսի և ԳՀԽ անդամների նկատմամբ իրականացվող դատական հետապնդումը։
Օգոստոսի 7-ի դատական նիստը, որին մասնակցել են կաթողիկոսն ու եպիսկոպոսները, Երուսաղեմի Հայոց պատիրարքությունը համարել է «խորապես մտահոգիչ և անընդունելի իրադարձություն ազգային-եկեղեցական պատմության մեջ», հայտնում է «Ազատությունը»:
«Եկեղեցու ներքին կանոնական, վարչական և կարգապահական հարցերի նկատմամբ պետական մարմինների միջամտությունը հակասում է եկեղեցու ինքնավարության սկզբունքին և վտանգավոր նախադեպ է ստեղծում պետություն-եկեղեցի հարաբերություններում»,- ասված է պատրիարքության տարածած հայտարարությունում:
Պատրիարքությունը նշել է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են գիտակցել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ իրենց վերաբերմունքը ներքին քաղաքական հարց չէ միայն և կոչ արել զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել ազգային պառակտումը և անդառնալի վնաս հասցնել Հայ եկեղեցու և պետության փոխհարաբերություններին:
Ամերիկայի Հայ եկեղեցու Արևելյան թեմը հայտարարել է, որ եկեղեցու կառավարմանը, կարգապահությանն ու առաջնորդությանն առնչվող հարցերը ներառված են եկեղեցու սեփական կանոնական կարգի տիրույթում։
Ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարել էր, որ Գարեգին Երկրորդին դատարան «կանչելը անընդունելի և դատապարտելի» է: Նա հայտնել էր նաև, որ Գարեգին Երկրորդին առաջարկել է դատարան չներկայանալ և փոխարենն այնտեղ ուղարկել իր ներկայացուցչին։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել գործը քննելուց։ Այդ մասին դատարանի բակում տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած նիստն անցել է դռնփակ ռեժիմով, տևել մոտ 30 րոպե: Դատարանի բակում հավաքվածները Գարեգին Բ-ին դիմավորել էին ծափերով և «վեհափառ» վանկարկումներով, երգել Մայր աթոռի պահպանության շարականը, ապա միասին Տերունական աղոթք հնչեցրել։ Դատարանի բակում էին նաև ընդդիմադիր և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները: