Նրանք ուզում էին մեզ զինաթափել, իսկ հարևանները տարածք են տալիս մեր դեմ հարձակումների համար․ Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների գլխավոր նպատակներից մեկը երկիրը ռազմական և պաշտպանական հնարավորություններից զրկելն էր՝ միաժամանակ մեղադրելով հարևան պետություններին ԱՄՆ-ի հարձակումների համար իրենց տարածքը տրամադրելու մեջ։

«Նրանց նպատակն էր մեզ ամբողջությամբ զինաթափել։ Եթե նրանց դա հաջողվեր, նրանք կգային և կկործանեին մեր երկիրը՝ այնպես, ինչպես անում են Գազայում, իսկ մենք անզոր կլինեինք», — հայտարարել է Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ Թեհրանը չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական և պաշտպանական կարողություններից և «գլուխ խոնարհել» արտաքին ճնշման առաջ։

Իրանի նախագահը միաժամանակ կոշտ քննադատության է ենթարկել տարածաշրջանի այն երկրներին, որոնք, նրա պնդմամբ, թույլ են տալիս ԱՄՆ-ին իրենց տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար։

«Որտեղի՞ց ԱՄՆ-ը հարված հասցրեց Մինաբի դպրոցին։ Այդ նույն մահմեդական և մեզ բարեկամ երկրներից։ Ինչո՞ւ են նրանք թույլ տալիս օգտագործել իրենց տարածքը մեր դեմ հարձակվելու համար», — ասել է նա։

Փեզեշքիանը, սակայն, ընդգծել է, որ Իրանը չի ցանկանում պատերազմել հարևանների դեմ և, իր խոսքով, պատասխան հարվածներ է հասցնում այն վայրերին, որտեղից հարձակումներ են իրականացվում իր երկրի դեմ։

Նա հայտարարել է նաև, որ Իրանը տարածքային հավակնություններ չունի։

«Մենք չենք ձգտում տարածքների գրավման կամ ընդլայնման։ Մենք չենք ձգտում ստեղծել «Մեծ Իրան»։ Բոլոր հարևան երկրներին դիտարկում ենք որպես եղբայրներ», — նշել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը միաժամանակ մեղադրել է Իսրայելին տարածաշրջանում տարածքային ընդլայնման ձգտման մեջ՝ հակադրելով այն Թեհրանի քաղաքականությանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը նաև փորձում են Պարսից ծոցի երկրներին տրամադրել Իրանի դեմ։

«Մենք աշխատում ենք դա կանխելու ուղղությամբ։ Իհարկե, տարբեր տեսակետների պատճառով մենք բախվում ենք նաև ներքին խնդիրների։ Բնականաբար, Ամերիկան և Իսրայելն օգտագործում են այս իրավիճակը», — ասել է նա։

Իրանի նախագահը նաև վստահեցրել է, որ երկրի կառավարության և զինված ուժերի միջև տարաձայնություններ չկան։

«Իրանը միասնական և համախմբված է, իսկ պառակտում սերմանելը հենց այն է, ինչ ցանկանում են երկրի թշնամիները», — հայտարարել է Փեզեշքիանը։

Նա բարձր գնահատական է տվել իրանական զինված ուժերի գործողություններին՝ հայտարարելով, որ երկրի զինվորականները «զարմացրել են ամբողջ աշխարհին»։

Փեզեշքիանը նաև նշել է, որ չի վախենում նահատակվելուց։

«Ես ոչ միայն չեմ վախենում նահատակվելուց, այլև ինձ համար դա մեծ հաղթանակ է», — ասել է Իրանի նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment