Արթիկի կամրջից ինքնասպանության փորձը կանխել են քաղաքացիները և ոչ թե պարեկները․ ՆԳՆ-ն խեղաթյուրում է իրականությունը․ Տեսանյութ

Փետրվարի 6-ին Արթիկ քաղաքում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձ։ Տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՆԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ ինքնասպանության փորձը կանխվել է պարեկների և փրկարարների օպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի արդյունքում։ Սակայն դեպքի ականատեսների և տեսագրությունների հիման վրա պարզ է դառնում, որ հաղորդագրության ձևակերպումը չի արտացոլում իրական իրադարձությունների ամբողջական պատկերը։

«Փաստերի ստուգման հարթակին» է դիմել այն քաղաքացին (Ազատ Նահապետյան), որը կանխել էր ինքնասպանության փորձը և տրամադրել տեսանյութ (ստորև), որտեղ երևում է, որ ՆԳՆ ծառայողները ինքնասպանության փորձը կանխելու հետ որևէ առնչություն չունեն։ 

ՆԳՆ հաղորդագրությունը

ՆԳՆ-ն հրապարակել է հաղորդագրություն, որը Ազատ Նահապետյանի բողոքից հետո խմբագրվել է, սակայն բովանդակային աննշան փոփոխությամբ։ Նախնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ ինքնասպանության փորձը կանխվել է պարեկների և փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում, առանց որևէ հիշատակման քաղաքացիների միջամտության մասին։

Արտապատկերումը՝ ՆԳՆ Ֆեյսբուքյան էջից:

Ինչպե՞ս է փոխվել հաղորդագրությունը

Քաղաքացու բողոքից հետո ՆԳՆ-ն փոփոխել է հաղորդագրության տեքստը՝ ավելացնելով հետևյալ ձևակերպումը․ «…պարեկների և փրկարարների օպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի, ինչպես նաև քաղաքացիների օգնության շնորհիվ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է»։ Վերնագիրը մնացել է նույնը։

Այս ձևակերպումը, ըստ էության,  բովանդակային մասով շարունակում է փաստել, որ քաղաքացու ինքնասպանությունը կանխել են նաև ՆԳՆ աշխատակիցները։

Այսպիսով, փաստերը ցույց են տալիս, որ ՆԳՆ-ն ու ՆԳՆ աշխատակիցները քաղաքացու փրկության հետ որևէ կապ չունեն:

The post Արթիկի կամրջից ինքնասպանության փորձը կանխել են քաղաքացիները և ոչ թե պարեկները․ ՆԳՆ-ն խեղաթյուրում է իրականությունը․ Տեսանյութ appeared first on FIP.AM.

Leave a comment