ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան

Օգոստոսի 5-7-ը Հայկական ատոմային էլեկտրակայանն ընդունել է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային անվտանգության ազգային վարչության և Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան ազգային լաբորատորիայի ներկայացուցիչներին։ Այցի ընթացքում քննարկվել են ընթացիկ համագործակցության ծրագրերը, իրականացված աշխատանքների արդյունքներն ու հետագա համագործակցության հեռանկարները։

ՀԱԷԿ-ից հայտնում են, որ ամերիկյան պատվիրակության անդամները հանդիպել են կայանի ղեկավարության և մասնագետների հետ, ծանոթացել իրականացված արդիականացման աշխատանքներին և քննարկել դրանց գործնական կիրառման ու արդյունավետության հարցերը։

Կողմերն անդրադարձել են նաև ընթացիկ ծրագրերի իրականացման ընթացքին և համագործակցության հետագա ուղղություններին՝ ընդգծելով, որ ՀԱԷԿ-ի և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի երկարամյա համագործակցությունը նպաստում է կայանի ֆիզիկական պաշտպանության համակարգերի կատարելագործմանն ու անվտանգության ամրապնդմանը։

Leave a comment