Քաղաքականություն
07.08.2026 | 20:52
Այսօր կեսօրին Յալթան ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման է ենթարկվել։ Telegram-ի մոնիթորինգային ալիքները հրապարակել են հարվածից հետո բռնկված հրդեհի կադրերը։ Բռնակցված Ղրիմի՝ ռուսական կողմից նշանակված ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտարարել է, որ առնվազն մեկ նավակ չի պայթել։ Նա քաղաքի բնակիչներին կոչ է արել լքել Պրիմորսկի պարկի տարածքը ականազերծման աշխատանքների ընթացքում, գրում է The Insider-ը։
Իշխանությունները զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հրապարակել։ «Крымский ветер» տելեգրամ ալիքը, վկայակոչելով տեղի բնակիչների սոցցանցերում գրառումները, հայտնել է, որ հրդեհը տարածվել է Յալթայի ափին գտնվող «Քաղցած թռչուն» ռեստորանում։
Աղբյուրի տվյալներով՝ այդ պահին հաստատությունում կարող էին բարձրաստիճան զինվորականներ լինել։ OSINT-ի բլոգեր LayBay-ը տեսանյութը վերլուծելուց հետո հանգել է եզրակացության, որ այրվել է ոչ թե «Քաղցած թռչունը», այլ հարևան շենքում գտնվող ռեստորանը։
Ըստ Mediazona-ի՝ այս շենքում գրանցված են երկու տասնյակից ավելի կազմակերպություններ, որոնց մեծ մասը ռեստորաններ են։ Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունն ավելի ուշ հաստատել է հարվածի մասին տեղեկությունը։ Ավելի վաղ ուկրաինական ռազմածովային անօդաչուները հարձակվել էին Սև ծովում գտնվող «Յանինա» կոնտեյներային նավի վրա։ «Ռոսատոմ»-ի պնդմամբ՝ երկու անօդաչու թռչող սարքեր են հարվածել նավին, երբ այն գտնվել է Նովոռոսիյսկից 130 ծովային մղոն հեռավորության վրա։ Պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը պնդել է, որ նավի վրա միայն քաղաքացիական բեռներ են եղել։