ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլի քվոտա է տրամադրել (PAN.am)

ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026 թվականի համար ստացել է էլեկտրամոբիլների արտոնյալ ներմուծման լրացուցիչ 5000 միավոր քվոտա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026 թվականին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5,000 մեքենայի քվոտա՝ մաքսատուրքի 0% դրույքաչափով ներմուծման հնարավորությամբ։

Լրացուցիչ 5000 միավոր քվոտայի բաշխման կարգի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում»,-գրել է նա:

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների համար զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափով նախատեսված սակագնային արտոնության քվոտայի մնացորդը՝ 2026 թվականի օգոստոսի 6-ը ներառյալ։

Դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների համար քվոտայից մնացել է 1255 հատ, այսինքն՝ օգտագործվել է դրա 58 տոկոսը։ Դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը կազմել է 655 հատ, իսկ օգտագործված մասն արդեն հասել է 95 տոկոսի։

Leave a comment