ԼՀԿ-ն պահանջում է անհապաղ կարճել Ամենայն Հայոց կաթողիկոսի և եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական վարույթը: Այդ մասին ասվում է ԼՀԿ կառավարման խորհրդի տարածած հայտարարությունում։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումն ու մեկնարկող դատավարությունը ԼՀԿ-ն գնահատել է որպես վերջին տարիներին պետական ինստիտուտների հեղինակազրկման և ապապետական գործողությունների նոր հանգրվան։
«Իրավական տեսանկյունից այս գործընթացը գնահատում ենք որպես կրոնական կազմակերպության ինքնակառավարմանն ու ներքին գործերին անթույլատրելի և կոպիտ միջամտություն։ Ավելին, այն կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով խղճի, դավանանքի և կրոնի ազատության հիմնարար իրավունքը։
Խստորեն դատապարտում ենք այս գործընթացը և պահանջում անհապաղ դադարեցնել այն, կարճել հարուցված քրեական վարույթը և պետության անունից ներողություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ պատճառված վնասի համար։
Միաժամանակ համոզված ենք, որ սույն գործի ապօրինի նախաձեռնողները, դրանց քաղաքական հրահանգավորողներն ու պատասխանատվություն կրող անձինք պատժվելու են՝ ՀՀ-ում իշխանափոխության հաջորդ օրվանից»,-ասվում է հայտարարության մեջ:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանն ինքաբացարկ է հայտնել և հրաժարվել գործը քննելուց։ Այդ մասին դատարանի բակում տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած նիստն անցել է դռնփակ ռեժիմով, տևել մոտ 30 րոպե: Դատարանի բակում հավաքվածները Գարեգին Բ-ին դիմավորել էին ծափերով և «վեհափառ» վանկարկումներով, երգել Մայր աթոռի պահպանության շարականը, ապա միասին Տերունական աղոթք հնչեցրել։ Դատարանի բակում էին նաև ընդդիմադիր և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները: