Հայաստանը Միության ընդհանուր բյուջե է փոխանցել զգալիորեն ավելի շատ միջոցներ, քան ստացել է, ինչը մեր պատասխանատու դիրքորոշման և ԵԱՏՄ շրջանակում պարտավորությունների բարեխիղճ կատարման անմիջական հաստատումն է, նշել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը 2025թ․–ին ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել շուրջ 319 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսպիսով, Հայաստանը Միության ընդհանուր բյուջե է փոխանցել զգալիորեն ավելի շատ միջոցներ, քան ստացել է, ինչը մեր պատասխանատու դիրքորոշման և ԵԱՏՄ շրջանակում պարտավորությունների բարեխիղճ կատարման անմիջական հաստատումն է», – ասել է ՀՀ վարչապետն ուրբաթ Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։
Այս կապակցությամբ Փաշինյանը նշել է, որ օբյեկտիվ տնտեսական ցուցանիշները համոզիչ կերպով վկայում են, որ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հիմնված է փոխադարձ պարտավորությունների կատարման, այլ ոչ թե միակողմանի առավելություններ ստանալու վրա։
Նրա խոսքով, պակաս խոսուն չէ նաև փոխադարձ առևտրի դինամիկան։
«2025 թվականի արդյունքներով՝ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կազմել է շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում հայկական արտադրանքի արտահանումը Միության շուկա կազմել է շուրջ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ԵԱՏՄ ընդհանուր շուկայի մասնակից է, այլև Միության անդամ պետություններում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների կարևոր սպառող», – ասել է Փաշինյանը։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, ԵԱՏՄ–ի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2026թ․–ի առաջին կիսամյակում կազմել է 2․82 մլրդ դոլար՝ 2025թ․–ի առաջին կիսամյակի համեմատ կրճատվելով 19%–ով։ Արտահանումը կազմել է 1․32 մլրդ դոլար, անկումը՝ 4.2%, ներմուծումը կազմել է 1․58 մլրդ դոլար, անկումը՝ 27.9%։