Կանադայի Հայոց թեմի առաջնորդն ու Թեմական խորհուրդը դատապարտել են Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը և կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել ՀԱԵ ներքին իրավասությանն առնչվող քրվարույթները:
Նշվում է, որ կաթողիկոսը համայն հայության օրինական ընտրված և օծյալ Սրբազան Հայրապետն է:
«Կանադայի Հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը և Թեմական խորհուրդը հանդես են գալիս սույն պաշտոնական հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով ՀՀ իրավապահ և դատական մարմինների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու որոշումը, որն առնչվում է բացառապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին կարգապահական, վարչական և եկեղեցական իրավասության շրջանակին։
Սույն հայտարարությամբ վերահաստատում ենք մեր հարգանքը ՀՀ ինքնիշխանության, սահմանադրական կարգի և պետական օրինական իշխանությունների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, ընդգծում ենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը համայն հայության օրինական ընտրված և օծյալ սրբազան Հայրապետն է, որի հոգևոր ծառայությունն ու վարչական լիազորությունները կարգավորվում են եկեղեցու սրբազան Ավանդությամբ, կանոններով և Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու ներքին կանոնադրական կարգով։
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է ՀԱԵ բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև երաշխավորվում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Այս սկզբունքը համահունչ է նաև միջազգային իրավունքի հիմնարար նորմերին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթներին, որոնք պաշտպանում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և պարտավորեցնում պետությանը ձեռնպահ մնալ դրանց ներքին կյանքին միջամտելուց։
Հետևաբար, եկեղեցական կարգապահության, նվիրապետական կառուցվածքի կամ հոգևոր կառավարման հարցերը քրեական կամ քաղաքացիական իրավասության դաշտ տեղափոխելու ցանկացած փորձ իրավական սահմանների անհիմն կիրառում է, որը հակասում է պետություն–եկեղեցի հարաբերությունների ձևավորված սկզբունքներին և խախտում է ՀԱԵ ինքնավարության սահմանադրական ու միջազգային իրավական երաշխիքները։
Որպես Կանադայի քաղաքացիներ՝ մի երկրի, որի իրավակարգը հիմնված է իրավունքի գերակայության, սահմանադրական սկզբունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վրա, վերահաստատում ենք այն համոզմունքը, որ պետական իշխանությունները պարտավոր են հարգել կրոնական կառույցների ինքնավարությունն ու ներքին անկախությունը։ Եկեղեցու ներքին կառավարմանն առնչվող հարցերով Հայ եկեղեցու հոգևոր առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը վտանգավոր նախադեպ է, որը կարող է խաթարել կրոնական ազատության իրավական պաշտպանությունը։
Մեր ժողովրդի առջև ծառացած աշխարհաքաղաքական և անվտանգային լուրջ մարտահրավերների պայմաններում պետության կայունությունն ու ազգային համախմբվածությունը հնարավոր են միայն Սահմանադրության ոգուն ու տառին հավատարիմ մնալու, ինչպես նաև պետության և եկեղեցու փոխադարձ հարգանքի ու ինքնավարության պահպանման պայմաններում։
Ուստի կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու պետական և իրավապահ մարմիններին՝
- դրսևորել իրավական ողջախոհություն և անհապաղ դադարեցնել եկեղեցու ներքին իրավասությանն առնչվող քրեական վարույթները,
- անվերապահորեն պահպանել Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով ամրագրված սկզբունքները՝ հարգելով ՀԱԵ ինքնավարությունն ու կանոնական կարգը,
- վերահաստատել հանձնառությունը կառուցողական երկխոսությանը՝ ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իրավունքի գերակայության, ինչպես նաև հայրենիքում և Սփյուռքում ազգային միասնության ամրապնդման»,- ասված է հայտարարության մեջ:
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի քրեական գործով նախնական դատալսումների առաջին նիստը։