ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար

Նյու Մեքսիկոյի դատավորը IT հսկային տուգանել է՝ հասարակությանը վնաս հասցնելու և երեխաներին առցանց վտանգի ենթարկելու համար։ Meta-ն պատրաստվում է բողոքարկել որոշումը՝ պնդելով, որ պաշտպանում է իր հարթակների անչափահաս օգտատերերին, գրում է Euronews-ը։

Նյու Մեքսիկո նահանգի դատավորը պարտավորեցրել է Meta ընկերությանը վճարել ավելի քան կես միլիարդ դոլար՝ նահանգի հայցի հիման վրա, որի համաձայն տեխնոլոգիական հսկան «հասարակական անհարմարություն» է ստեղծել և վնաս պատճառել երեխաներին։

Ավելի վաղ՝ մարտին, Meta-ն արդեն պարտավորվել էր նահանգին վճարել 375 միլիոն դոլար փոխհատուցում այն բանից հետո, երբ երդվյալ ատենակալները ընկերությանը մեղավոր էին ճանաչել երեխաների համար վտանգավոր պայմաններ ստեղծելու մեջ, այդ թվում՝ նրանց իր հարթակներում չարամիտ անձանց նկատմամբ խոցելի դարձնելու համար։

«Մենք համաձայն չենք դատարանի որոշման հետ և մտադիր ենք այն բողոքարկել»,- ասվում է Meta-ի հայտարարության մեջ։

Ընկերությունը հավելել է, որ «անընդհատ աշխատում է օգտատերերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ և բացահայտ խոսում է չարամիտ օգտատերերի ու վնասակար բովանդակության հայտնաբերման և հեռացման հետ կապված դժվարությունների մասին»։

Նյու Մեքսիկոյի գլխավոր դատախազ Ռաուլ Տորեսը 2023 թվականին հայց էր ներկայացրել Meta-ի՝ Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի մայր ընկերության դեմ՝ պնդելով, որ այն չի պաշտպանել երեխաներին առցանց սպառնալիքներից։

Դատավարության եզրափակիչ փուլում դատախազ Լինդա Սինգերը երդվյալ ատենակալներին հայտնել էր, որ Meta-ի ալգորիթմները ակտիվորեն մեծահասակներին ուղղորդել են դեռահասների հրապարակած բովանդակությանը, իսկ ընկերությունը թաքցրել է երիտասարդների համար գոյություն ունեցող ռիսկերի վերաբերյալ ներքին տվյալները։

Մարտին երդվյալ ատենակալները եզրակացրել էին, որ Meta-ն խախտել է Նյու Մեքսիկոյի անբարեխիղճ առևտրային գործունեության մասին օրենքը՝ սպառողներին մոլորեցնելով իր հարթակների՝ երեխաների համար անվտանգ լինելու հարցում։

«Այս դատավարությունը երեխաներին պաշտպանելու, ընտանիքներին աջակցելու և աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկին թույլ չտալու մասին է, որ անպատիժ շահույթ ստանա այնպիսի գործելակերպից, որը վտանգի տակ է դնում երիտասարդներին»,- հինգշաբթի հայտարարել է Տորեսը։

«Այսօրվա որոշումը հաղթանակ է յուրաքանչյուր ծնողի համար, ով անհանգստանում է, թե սոցիալական ցանցերն ինչպես են ազդում իր երեխայի վրա, և յուրաքանչյուր երեխայի համար, ով արժանի է մեծանալու ավելի անվտանգ առցանց միջավայրում»։

567 միլիոն դոլարի շուրջ երեք քառորդը պետք է ուղղվի հոգեկան առողջության խնդիրների լուծմանը։ Այդ միջոցները պետք է բաշխվեն հինգ տարվա ընթացքում։

Մնացած գումարը կուղղվի «իրազեկման և կանխարգելման», «մոնիթորինգի և գնահատման», «ուղղորդման, համագործակցության և համակարգման», ինչպես նաև իրականացվող միջոցառումների արդյունավետության գնահատման ծրագրերին։

Բացի այդ, Meta-ն պարտավոր կլինի տարին երկու անգամ դատարանին ներկայացնել հաշվետվություններ՝ սահմանված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ։

Leave a comment