Սպիտակ տանը կարծում են, որ Իրանի դեմ ռազմական գործողություններին դեմ հանդես եկող պաշտոնյաներն են լրատվամիջոցներին փոխանցում ԱՄՆ-ի սպառազինության պաշարների վերաբերյալ տեղեկատվությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի վեց բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ առնվազն մեկ Սպիտակ տան աշխատակցի։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է լրատվամիջոցներում հրապարակվող տեղեկություններից, որոնք վերաբերում են զինամթերքի պաշարների նվազմանը։ Այդ կապակցությամբ նա հանձնարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը հայտնաբերել այն անձանց, որոնք գաղտնի տեղեկատվություն են փոխանցում մամուլին։
CNN-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը ենթադրում են, որ արտահոսքերի հետևում կանգնած են այն պաշտոնյաները, որոնք դեմ են Իրանի դեմ նոր պատերազմի հնարավորությանը և փորձում են կանխել նման հակամարտության սկիզբը։
Նույն հրապարակման համաձայն՝ Պարսից ծոցի երկրների ղեկավարները նույնպես մտահոգված են հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված զինամթերքի պաշարների հնարավոր սակավությամբ։ CNN-ը, հղում անելով տարածաշրջանային պաշտոնյայի, նշում է, որ այդ երկրներում ընդունում են՝ նման իրավիճակը կարող է սահմանափակել իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի որսման հնարավորությունները։
Բացի այդ, CNN-ի տեղեկություններով, Իրանը զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին, որ եթե ԱՄՆ-ը նոր հարվածներ հասցնի Իրանի տարածքին, ապա տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքներն ու (կամ) ջրի աղազերծման օբյեկտները կարող են դառնալ պատասխան հարվածների թիրախ։