Փաշինյան․ Սահմանափակումները խոչընդոտում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած սկզբունքներին հավատարմության օգտին։

«Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքներից մեկն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է։ Ցավոք, գործնականում այս սկզբունքները լիարժեք չեն իրագործվում։ Առանձին սահմանափակումներ և վարչական միջոցներ շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով գործարարության պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրման գործընթացների արդյունավետությունը։

ՀՀ-ն անշեղորեն ապահովում է առավելագույնս բարենպաստ, հավասար և ոչ խտրական պայմաններ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների տնտեսվարողների գործունեության համար։ Մենք հետևողականորեն ելնում ենք այն սկզբունքից, որ համանման մոտեցում պետք է կիրառվի Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում։

Հենց այդ պատճառով սկզբունքորեն կարևոր ենք համարում, որպեսզի ցանկացած միջոցառում, որը կարող է ազդել անդամ պետությունների ապրանքների և ծառայությունների՝ ընդհանուր շուկա մուտքի վրա, ընդունվի բացառապես ԵԱՏՄ իրավունքին համապատասխան, համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա և իրավասու մարմինների միջև կառուցողական փոխգործակցության շրջանակում։

Նման հարցերի անտեսումը կարող է ոչ միայն արգելակել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացումը, այլև բացասաբար ազդել դրա նկատմամբ մեր երկրների քաղաքացիների և գործարար համայնքի վերաբերմունքի վրա։ Ի վերջո, նման խնդիրները դադարում են առանձին անդամ պետության խնդիրները լինելուց։ Դրանք դառնում են ամբողջ միավորման ընդհանուր խնդիրը։ Հենց այդ պատճառով մեզ անհրաժեշտ է ժամանակին վերացնել առաջացող խոչընդոտները, կանխել ԵԱՏՄ-ի ներսում առևտրատնտեսական հարաբերությունների անկումը, նվազագույնի հասցնել հեղինակությանն առնչվող գործարար ռիսկերը, ինչպես նաև հետևողականորեն ամրապնդել փոխադարձ վստահությունը»,-ասել է վարչապետը:

Նա նաև խոսել է այն տնտեսական ցուցանիշների մասին, որոնք համոզիչ կերպով վկայում են, որ ՀՀ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հիմնված է փոխադարձ պարտավորությունների կատարման, այլ ոչ թե միակողմանի առավելություններ ստանալու վրա։

«2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել մոտ 319 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար։ Այսպիսով, Հայաստանը Միության ընդհանուր բյուջե է փոխանցել զգալիորեն ավելի շատ միջոցներ, քան ստացել է, ինչը մեր պատասխանատու դիրքորոշման և ԵԱՏՄ շրջանակում պարտավորությունների բարեխիղճ կատարման անմիջական հաստատումն է։

Պակաս խոսուն չէ նաև փոխադարձ առևտրի դինամիկան։ 2025 թվականի արդյունքներով՝ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կազմել է մոտ 5 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում հայկական արտադրանքի արտահանումը Միության շուկա կազմել է մոտ 3․2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ԵԱՏՄ ընդհանուր շուկայի մասնակից է, այլև Միության անդամ պետություններում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների կարևոր սպառող»,-ասել է Փաշինյանը:

Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունն ի

Նա հավելել է, որ ՀՀ-ն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների՝ 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարությունը, որում աջակցություն էր հայտնվել Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին։

Նա նշել է, որ հնարավոր այլընտրանքների գոյությունն այն գործոնն է, որը կնպաստի ԵԱՏՄ-ի մրցունակության և գրավչության բարձրացմանը։

«Պետք է նշեմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև ներկայիս փոխհարաբերություններում չկա որևէ իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություն, որը հակասում է ԵԱՏՄ-ի ներսում և դրա շրջանակում մեր փոխհարաբերությունների կարգավիճակին։

ՀՀ-ն ելնում է այն սկզբունքից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։ ԵԱՏՄ-ն այնքան ավելի գրավիչ կլինի, որքան ավելի հետևողականորեն կպահպանենք մեր իսկ պայմանավորվածությունները և կհարգենք միմյանց ինքնիշխան իրավունքները»,-ասել է Փաշինյանը:

Նիստի ընթացքում ստորագրվել են քննարկված և հաստատված հարցերի վերաբերյալ արձանագրությունները։ Դրանք առնչվել են տրանսպորտի, էլեկտրոնային առևտրի և կրթության ոլորտներում համագործակցությանն ու կարգավորումներին։

Իր ելույթում Փաշինյանն անդրադարձել էր նաև ԵԱՏՄ և ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվեի պահանջին՝ նշելով, որ հանրաքվեի անցկացումը կլինի բովանդակազուրկ և կնշանակի, որ քաղաքացիներից ակնկալում են պատասխան մի հարցի, որն այս պահին պարզապես գոյություն չունի։

«Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրություն կատարեն երկու այլընտրանքի միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ և գործնականում՝ ոչ լեգիտիմ։ Ես շնորհակալ եմ ԵԱՏՄ իմ գործընկերներին՝ Հայաստանի, ինչպես և ԵԱՏՄ ցանկացած այլ երկրի՝ տարբեր գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելու և սեփական երկրի համար առևտրատնտեսական այլընտրանքներ ստեղծելու լեգիտիմ իրավունքը ճանաչելու համար»,-ասել է Փաշինյանը նիստում:

Leave a comment